Շահումյանի դպրոցականներն առողջ բաղադրիչներով պիցցա են պատրաստել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուների համար

Շահումյանի դպրոցականներն առողջ բաղադրիչներով պիցցա են պատրաստել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուների համար

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ ներդրումներ է կատարել Լոռու մարզի Շահումյանի միջնակարգ դպրոցում խոհանոցի և ճաշարանի վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման համար:

Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել դպրոցի կարողությունները, ապահովել անվտանգ, բազմազան և սննդարար կերակուր ավելի քան 90 դպրոցականների համար, որոնց մի մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է:

Դպրոցում ՊՀԾ-ն հիմնել է նաև ինտենսիվ պտղատու այգի և ներդրումներ կատարել դպրոցում արևային կայան տեղադրելու համար՝ էլեկտրաէներգիայի ծախսերը խնայելու նպատակով:

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ԿԶՆԱԿ-ի հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն, ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը և այլ պաշտոնատար անձինք այսօր այցելել են Շահումյանի միջնակարգ դպրոց՝ հետևելու «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին ու թե ինչպես են դպրոցահենք գյուղատնտեսական ներդրումները ներգրավում համայնքներին և որպես ուսումնական հարթակ ծառայում երեխաների և համայնքի անդամների համար։

Դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները հյուրերի համար առողջ բաղադրիչներով պիցցա են պատրաստել՝ ցույց տալով նաև, որ ծրագրի շրջանակում սովորել են հետևել առողջ սննդակարգին։ Լոռու մարզպետի տեղակալը, կարևորելով համագործակցությունը կառույցների միջև, նշել է, որ ծրագրի շնորհիվ աշակերտները տաք և առողջարար սնունդ են ստանում։

Դեսպանատան նախարարի խորհրդականն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատարը նույնպես բարձր են գնահատել կատարված աշխատանքը։

Լոռու մարզը «Դպրոցական սնունդ» ծրագրին է միացել 2010 թվականին: Լոռու 151 դպրոցների շուրջ 13.000 երեխաներ ստանում են ամենօրյա տաք սնունդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում