«Կրթությունը հանրային բարիք է». ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին
Երևանի պետական համալսարանում անցկացվել է «ԲանՈՒԳործ 2023․կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով գիտաժողով, որի բացմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Գիտաժողովը կազմակերպվել էր «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակում, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, գործատուներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին, ինչպես նաև շնորհավորել ԵՊՀ հիմնադրման օրվա, Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ:
«Բարձրագույն կրթության համակարգը լուծում է մասնագիտական կրթության ապահովման, երկրում անհրաժեշտ մասնագիտական կադրային ներուժի զարգացման խնդիրներ, սակայն բարձրագույն կրթության դերը միայն այսքանով չի սահմանափակվում: Կրթությունը հանրային բարիք է, և դա փաստում են բազմաթիվ հետազոտություններ, այն կապիտալ է, որի իրացման հնարավորություններն անսպառ են: Բարձրագույն, ֆորմալ կրթությունը ներկա փոփոխվող աշխարհում պետք է գտնի նորանոր ձևեր՝ դառնալու առավել արդյունավետ ու ճկուն: Ուսանողները փոխել են իրենց մոտեցումները կրթական գործընթացի հանդեպ: Նրանք ցանկանում են սովորել ավելի արագ, կյանքի տարբեր ասպարեզներում դրսևորել իրենց, այդ թվում՝ աշխատանքային գործունեության մեջ, ուստի բուհական կրթությունը պետք է գնա միկրոորակավորումների, մասնակի որակավորումների ճանապարհով: Հետևաբար, կրթական ծրագրերը նոր մոտեցմամբ պետք է իրականացվեն՝ սահմանելով բաղադրիչներն ու հմտությունները: Մենք ակադեմիական կրթությունը և ժամանակակից զարգացող աշխարհի արագության պահանջը պետք է ճիշտ համադրենք, որպեսզի չտուժի կրթության որակը», - նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նաև փաստել է, որ ՀՀ կառավարությունը սահմանել է հավակնոտ թիրախներ. բուհերի շրջանավարտների 90 տոկոսն ավարտելուց հետո պետք է կարողանա աշխատանք գտնել մասնագիտությամբ. «Այս թիրախներին հասնելու համար առաջին հերթին պետք է բուհերի միջազգայնացմանը և մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքներ իրականացնել»:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին և ևս մեկ անգամ շնորհավորելով Մայր բուհի 104-ամյակը, ընդգծել է, որ ԵՊՀ-ն այն հաստատությունն է, որ դառնալու է հանրային հաղորդակցության լավագույն հարթակը:
«Այսօր մենք ապացուցում ենք, որ ունենք բոլոր հնարավորությունները՝ այդ հարթակի դերը կատարելու ոչ միայն ԵՊՀ-ի ուսանողների և դասախոսների, այլև հանրության լայն շրջանակի համար: Մեր գործողությունները բխում են կրթության պետական ռազմավարությունից և համահունչ են ԿԳՄՍ նախարարության ծրագրերին»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ կրթություն ստանալու հնարավորությունները շեշտակի աճել են, գործատուները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կադրերի պատրաստվածությանը. «Կարևոր է, որ բուհական ակադեմիական կրթությունը համապատասխան լինի աշխատաշուկայի պահանջարկներին, և այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսի տաղավարներով: Կարևորելով ցուցահանդեսի դերը՝ նա նշել է, որ պետք է բուհերի և գործատուների միջև կապն ամրապնդել. «Շատ հաճախ մենք չունենք բավարար տեղեկատվություն, թե ի՞նչ կրթական ծրագրերով, ինչպիսի՞ մասնագետներ կան մեր բուհերում, հետևաբար նաև գործատուների համար համապատասխան կադրեր գտնելը կարող է շատ երկար ժամանակ պահանջել: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ տեղեկատվությունը պատշաճ փոխանցվի և կապը մշտապես պահվի բուհերի և գործատուների միջև: Շատ կարևոր է նաև, որ այդ համագործակցության ընթացքում գործատուներն էլ ներկայացնեն իրենց պահանջները, թե ինչպիսի հմտությունների, գիտելիքների կարիք ունի տնտեսությունը: Կրթական համակարգը պետք է լինի բավարար ճկուն՝ արձագանքելու, փոփոխելու ու թարմացնելու ծրագրերը, նոր մոդուլներ ավելացնելու և մասնագիտություններ բացելու առումով»:
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ներկայացնել կրթական և աշխատանքային հնարավորություններւ, ապահովել արդյունավետ հաղորդակցություն գործատուների, շրջանավարտների և ուսանողների միջև, ինչպես նաև համապարփակ թեմատիկ քննարկումների միջոցով վերհանել կրթական համակարգի և գործատուների հետ առկա համագործակցության առանձնահատկությունները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները։
Ցուցահանդեսի շրջանակում ուսանողներին հնարավորություն էր տրվել հանդիպելու ապագա գործատուներին, դիմորդներին՝ ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, իսկ գործատուներին՝ ներկայացնելու իրենց աշխատանքային հնարավորությունները։
Կարծիքներ