Խորհրդարանում քննարկվել են պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքին առնչվող հարցեր

Ազգային ժողովում փետրվարի 18-ին տեղի է ունեցել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և փորձագետների հանդիպումը: Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի թեման:
«Տևական ժամանակ է՝ քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը: Մենք ունենք նախնական նախագիծ»,- այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և այս գործընթացում բարձր գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությունը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ դեռևս յոթերորդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի և պատգամավորի վարքագծի կանոնների մշակման շուրջ աշխատանքները, մի շարք հանգամանքներով պայմանավորված, հետաձգվել էին: Այժմ այդ աշխատանքները վերսկսել են: Ըստ պատգամավորի՝ էթիկայի հանձնաժողով ունենալը կարևոր է, քանի որ դրանով է պայմանավորված թե՛ խորհրդարանում քաղաքական, ժողովրդավարական մշակույթի զարգացումը, թե՛ առհասարակ քաղաքական համակարգի կայացումը:
«Եթե ունենայինք վարքագծի հստակ կանոններ՝ համաձայնեցված բոլոր խմբակցությունների կողմից, ունենայինք ֆունկցիոնալ էթիկայի հանձնաժողով, ապա դա կարող էր բավականին զսպող ազդեցություն ունենալ պատգամավորների վրա՝ իրենց դրսևորումների առումով»,- խոսելով խորհրդարանում բարեվարքության ապահովման կարևորության մասին՝ համոզմունք է հայտնել Արուսյակ Ջուլհակյանը:
«Հաշվետվողականությունը, բարեվարքությունը, թափանցիկությունը ոչ միայն կենսական կարևորություն ունեն, այլև ուժեղացնում ու ամրապնդում են ժողովրդավարության հիմքերը, որովհետև դուք ներկայացնում եք ձեր ժողովրդին: Կարևոր է, որ խորհրդարանի անդամները համապատասխանեն բարեվարքության ամենաբարձր մակարդակին, ժողովուրդն ունենա վստահություն հաստատությունների նկատմամբ: Հետևաբար լավ սահմանված վարքագծի կանոնները շատ կարևոր են թե՛ խորհրդարանների համար, թե՛ մյուս ինստիտուտներին ոգեշնչելու առումով»,- փաստել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման և գենդերային հարցերի բաժնի ղեկավար Յուլյա Նետեսովան ու տեղեկացրել՝ առկա են ԳՐԵԿՈ-ի (ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) առաջարկները, որոնցով եւս կարևորվում է էթիկայի մշտական հանձնաժողովի առկայությունը:
Այնուհետև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման հարցերով փորձագետ, ԺՀՄԻԳ-ի հակակառուպցիոն հարցերով համակարգող Նինա Չանթուրիան շնորհանդեսի շրջանակում մանրամասն ներկայացրել է ԺՀՄԻԳ-ի աշխատանքը հանրային էթիկայի և բարեվարքության ոլորտում, անդրադարձել ԵԱՀԿ տարածաշրջանում հաջողված մոդելներին: Նշվել է, որ 2007 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում վարքագծի կանոններ ուներ 9 խորհրդարան, իսկ այսօր՝ 43: Մանրամասն անդրադարձ է եղել պատգամավորական բարեվարքության հիմնական հասկացություններին ու մեխանիզմներին, վարքագծի կանոնների իրացման եղանակներին, խախտման դեպքում սահմանված պատժամիջոցներին, հակակոռուպցիոն ուղղություններին, քաղաքականության մեջ կանանց նկատմամբ բռնությունների հայտնաբերմանն ու բացառմանը, շահերի բախման խնդրին: Ներկայացվել են բարեվարքության համակարգի առանձնահատկությունները մի շարք երկրների՝ վարքագծի կանոններ ունեցող խորհրդարաններում:
Հարցուպատասխանի ձևաչափին հաջորդել է մեր երկրի խորհրդարանում վարքի կանոնագրքի նախագծի և պատգամավորական բարեվարքության շրջանակի քննարկումը:
Քննարկման մասնակիցները կարևորել են ՀՀ խորհրդարանական մշակույթին բնորոշ վարքագծի կանոնների սահմանումը: Կարծիք է հնչել՝ ահրաժեշտ է կայուն մեխանիզմ, որն անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից՝ իր գործառույթն ամբողջությամբ կիրականացնի:
Ավարտին Արուսյակ Ջուլհակյանը կարևորել է նման հանդիպումները և առաջիկայում նմանատիպ քննարկում կազմակերպելու և խնդիրներին առավել առարկայական անդրադառնալու առաջարկ հնչեցրել:
Կարծիքներ