Լենա Նազարյանը և Մերի Գալստյանն առաջարկում են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» նոր օրենք ընդունել․ ի՞նչ կսահմանի այն
Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը և պատգամավոր Մերի Գալստյանը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ են ներկայացրել։
Ըստ նախագծի հիմնավորման, օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում և կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները և կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանի պահողների պարտականությունները, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ արգելված դաժան գործողությունները, կենդանիների քնեցման կարգը, կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման շուրջ իրավահարաբերությունները:
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողություններ պարունակող բացասական երեւույթները եւ ունենալ իրավական հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:
Օրենքով սահմանվում են․
կառավարության և լիազոր մարմնի՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունները,
հանրային վերահսկողությունը,
կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները,
կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները
կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները
տնային կենդանիների պահման պահանջները
թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
կենդանիների բուծումը
կենդանիների վաճառքը
կենդանիների պահումը կացարաններում
կենդանիների քնեցմանը ներկայացվող պահանջները
անկած կենդանիների դիակների հավաքումը, ոչնչացումը եւ թաղումը և այլն։
Օրինակ, օրենքի նախագծի 18-րդ հոդվածով սահմանվում են կենդանիների քնեցմանը ներկայացվող պահանջները․
1. Կենդանիների քնեցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից թույլտվություն ստացած անասնաբուժական հիմնարկում,կլինիկայում կամ կացարանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերով:
2. Քնեցումն իրականացվում է այնպիսի նյութերով, որոնք շատ արագ կերպով գիտակցության եւ ցավի զգացողության լրիվ կորստի են հասցնում կենդանուն` ենթարկելով մահվան:
3. Անասնաբույժը քնեցման գրանցամատյանում գրանցում է քնեցման պատճառները եւ կիրառված անասնաբուժական դեղամիջոցի վերաբերյալ տվյալները:
4. Քնեցումը թույլատրվում է`
անբուժելի հիվանդ կենդանիներին.
վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
կենդանիներին ցավ եւ տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխությունների կամ ծանր վնասվածքների դեպքում.
կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց կամ կենդանիների առողջության համար վտանգ է ներկայացնում.
կենդանու նոր սերնդի մոտ անոմալ շեղումների կամ կյանքի հետ անհամատեղելի բնածին արատների դեպքում.
բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով կենդանիների ճգնաժամային քանակը կարգավորող միջոցառումների շրջանակում` համայնքի ավագանու որոշմամբ:
5. Կենդանու կյանքի ընդհատումը ոչ քնեցման միջոցով թույլատրվում է հետեւյալ դեպքերում`
կենդանու ագրեսիվ վարքը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը կամ անվտանգությանը եւ որին հնարավոր չէ բռնել.
կենդանու կողմից հարձակման դեպքում անձի անհրաժեշտ պաշտպանության համար:
6. Գյուղատնտեսական կենդանիների սպանդը եւ մորթը, այդ թվում` կրոնական ծիսակատարությունների նպատակով կատարվող, կարգավորվում է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:
19-րդ հոդվածով սահմանվում են անկած կենդանիների դիակների հավաքումը, ոչնչացումը եւ թաղումը․
1. Անկած կենդանիների դիակների թաղման վայրերը որոշվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
2. Անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման եւ թաղման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
3. Արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:
Փոփոխություն է նախատեսվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածում։
Նախատեսվում է 113-րդ հոդվածի վերնագիրը և հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 113. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը
«1. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը (բացառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասը) առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 20 000 – 100 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 – 300 000 դրամի չափով չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետեւանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց առողջությանը` առաջացնում է տուգանքի նշանակում`50 000 – 200 000 դրամի չափով:
3. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպումը` առաջացնում է տուգանքի նշանակում`50 000 դրամի չափով։
4. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում կենդանիների կացարանի գործունեության իրականացումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 դրամի չափով։
5. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում կենդանիների բուծարանի գործունեության իրականացումը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 դրամի չափով։
Վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում,նույն խախտումը կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 300 000 դրամի չափով»:
Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, որով նախատեսվել է քրեական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար:
Նախագծերի հարակից փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով սահմանվում են տեղական տուրքեր կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվությունների համար եւ կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվությունների համար, ինչպես նաեւ նախագծով առաջարկվում է փոփոխել քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանվող տնային կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքի տարեկան դրույքաչափը:
Նախագծերի հարակից փաթեթով նաեւ առաջարկվում է լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սույն օրենքի շրջանակում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են լիազորություններ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ: Տնային կենդանիների հաշվառման եւ նույնականացման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների` հատկապես շների լքելու դեպքերը, ինչն իր հերթին կնպաստի թափառող շների գլխաքանակի նվազեցմանը: Նաեւ ավագանու լիազորությունների մեջ սահմանվում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջներից բխող թույլտվությունների տրամադրման եւ այլ կարգերի հաստատումը:
Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է` «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք վերաբերվում են տնային կենդանիների պահման պահանջներին սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում` կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:
Օրենքի եւ հարակից նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձն ու օրենսդրական դաշտը սույն ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էոստոնիայի եւ մի շարք այլ երկրների օրենքները, որոնցով կարգավորվում են կենդանիների բարեկեցության եւ պաշտպանության հիմնական սկզբունքները, կենդանիների շուրջ իրավահարաբերությունները, վերահսկողության եւ պատասխանատվության մեխանիզմները:
Կարծիքներ