Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը կանցկացվի Դիլիջանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 20-21-ը Դիլիջանում կանցկացնի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը, հասարակության մասնակցայնության բարձրացմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության խթանմանը։
Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային այգում կներկայացվեն արհեստների և արվեստների տարբեր նմուշներ՝ ասեղնագործ, թաղիքից, փայտից ու մետաղից պատրաստված ինքնատիպ աշխատանքներ, գորգեր, կարպետներ, զարդեր, տիկնիկներ, խեցեղեն և այլն։
Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով իրենց ձեռագործ աշխատանքները։ Առանձին տաղավարներով կներկայանան ոչ նյութական մշակութային ժառանգություն հանրահռչակող Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Դիլիջանի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Ելույթ կունենան պարի խմբեր և լարախաղացներ, կիրականացվեն ծրագրեր երեխաների համար, մասնավորապես Տերյան մշակութային կենտրոնը հանդես կգա հայկական տարազների ցուցադրությամբ։ Նախատեսվում են նաև ստվերների թատրոնի ներկայացում, դասախոսություններ, ֆիլմի դիտում՝ նվիրված մշակութային ժառանգության ոլորտում ներդրում ունեցած գործիչներին, ինչպես նաև ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես։
Արհեստների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2022 թվականին Գյումրիում։
Կարծիքներ