Ձիթայուղի ամենաօգտակար հատկությունները
Ձիթայուղը համարվում է ամենաօգտակար յուղերից մեկը, որը նաև յուրահատուկ համ է հաղորդում ուտեստներին։ Այս մթերքը հարուստ է հակաօքսիդանտներով և ճարպերով, որոնց շնորհիվ դրական ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա։ Մասնագետները հաճախ են շեշտում սննդակարգում ձիթայուղ ավելացնելու կարևորության մասին, սակայն քչերը գիտեն, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված այս մթերքն ու ինչ ազդեցություն է այն ունենում օրգանիզմի վրա։
Երկարացնում է կյանքի տևողությունը.
_Ձիթայուղը միջերկրածովյան սննդակարգում ճարպերի հիմնական աղբյուրն է, իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ այս սննդակարգին հետևողների կյանքի տևողությունն ավելի երկար է լինում։ Բացի այդ, ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ այս մթերքը կարող է նաև նվազեցնել սրտանոթային հիվանդությունների հետևանքով վաղաժամ մահվան հավանականությունը՝ այդ կերպ նույնպես երկարացնելով կյանքի տևողությունը։
Պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից.
_Ձիթապտղի յուղը բարելավում է սրտանոթային համակարգի առողջությունը՝ նպաստելով «լավ» խոլեստերինի՝ բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակի կայունությանը։ Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթայուղի շնորհիվ բարձր խտության լիպոպրոտեինների մասնիկները մեծանում են, իսկ տրիգլիցերիդների մակարդակը նվազում է։
Բարելավում է աղիների վիճակը.
_Ձիթայուղը շատ օգտակար է աղիների միկրոբիոմի համար, որը բաղկացած է աղիներում ապրող ու մարսողության գործընթացում շատ կարևոր դեր կատարող միլիոնավոր միկրոօրգանիզմներից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթայուղը կարող է բարձրացնել աղիների իմունիտետն ու մեծացնել աղիների բակտերիաների թիվը, ինչը կարող է շատ օգտակար լինել աղիների բորբոքային հիվանդություններով հիվանդների համար։
Պաշտպանում է մաշկը.
_Այս մթերքը շատ օգտակար է նաև մաշկի համար։ Առաջին հերթին այն պաշտպանում է մաշկը արևի անմիջական ճառագայթների և հատկապես ուլտրամանուշակագույն ճառագայթների առաջացրած վնասվածքներից։ Բացի այդ, այս յուղը խոնավացնում է մաշկն ու իր հակամանրէային հատկությունների շնորհիվ ոչնչացնում է բշտիկների առաջացմանը նպաստող բակտերիաները։ Սա է պատճառը, որ բշտիկներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ձիթապտղի յուղով օճառ։
Կարծիքներ