Վարազդատ Լալայանն ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. Կարեն Գիլոյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով:
Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ բավականությամբ և հպարտությամբ է բարձրացել պատվո հարթակին:
«Պայքարն ավելի է դժվարանում. ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ներդնենք, որպեսզի ոսկե մեդալները միշտ բերենք Հայաստան։ Չենք հանգստացել Օլիմպիական խաղերից հետո. շարունակել ենք մարզվել: Սա իմ առավելագույնը չէր, բայց ինչքան, որ այդ պահին ինձ անհրաժեշտ էր, կարողացա բարձրացնել»,- ասել է Լալայանը։
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը ևս խոսել է զգացողությունների մասին:
«Աննկարագրելի զգացողություններ ունեմ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2009 թվականից ի վեր կանանց ծանրամարտում մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունից: Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների: Նվաճումս ոչ միայն ինձ, այլև բոլորին ուրախացրեց, ինչի համար շատ երջանիկ եմ»,- խոստովանել է նա:
Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, մարզասերներ, մարզիկների բարեկամներն ու ընկերները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը մրցավայրից էր հետևում հայ ծանրորդների մրցելույթներին, ընդգծել է՝ Լալայանը դժվարին պայքարում ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. «Պատմության մեջ առաջին անգամ մենք ծանրամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս․ սպորտային տարվա լավ եզրափակում էր: Վարազդատն ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում»:
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում կիսել է 4-րդ տեղը։
2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։ Հայաստանի ներկայացուցիչներից երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով:
Կարծիքներ