Կրակոցներ և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ

Կրակոցներ և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ

Երեկ՝ մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի  սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները: Նրանք օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ եղել են դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ: Դեպքի փաստով՝  Է. Բալոյանի որոշմամբ ստեղծվել  է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական  կենտրոն: Աղբյուրի  տեղեկություններով՝ գրասենյակն օգտագործել է շինարարական կազմակերպությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում