Բայդենի առաջիկա մամուլի ասուլիսը շատերը փորձաքար են համարում նրա համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերից ի վեր առաջին անգամ հուլիսի 11-ին մամուլի ասուլիս կտա՝ միայնակ պատասխանելով լրագրողների հարցերին և ամփոփելով Վաշինգտոնում երեք օր ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ այս մամուլի ասուլիսն իսկական փորձություն կլինի Բայդենի համար՝ հաշվի առնելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հունիսի 27-ին տեղի ունեցած բանավեճում նրա անհաջող ելույթը։
Վերընտրվելու Բայդենի շանսերի մասին կասկած են հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, որոնք, ըստ Reuters-ի, կարող են ազդել ինչպես Դեմոկրատական կուսակցության այլ օրենսդիրների, այնպես էլ ֆինանսական դոնորների վրա։
MSNBC-ի եթերում Փելոսին հայտնել է, որ Բայդենը պետք է արագ վճռի՝ մնալ ընտրապայքարում թե ոչ, սակայն հրաժարվել է ասել՝ արդյոք ինքն ուզում է, որ Բայդենն առաջադրվի։
Իսկ Ջորջ Քլունին, որը նույնպես դեմոկրատ է և հունիսին վարել էր Բայդենի ընտրարշավի համար կազմակերպված դրամահավաքը, հրաժարվել է իր աջակցությունից և The New York Times-ում հոդված է հրապարակել՝ ասելով, որ Բայդենը նույն մարդը չէ, ինչ 2020 թվականին։
Դեմոկրատական մի քանի այլ օրենսդիրներ ևս վերջին օրերի ընթացքում կոչ են արել, որ Բայդենը հրաժարվի նախագահական ընտրապայքարից։
Ըստ CBS-ի՝ նախագահ Բայդենն ընդունել է, որ բանավեճում «անհաջող երեկո» է ունեցել։ Այնուամենայնիվ, նա փորձում է ապացուցել, որ կարող է լինել Դեմոկրատական կուսակցության թեկնածուն և հաղթել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
Օրերս Բայդենը հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարվել նախագահական ընտրապայքարից։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։
Կարծիքներ