Շրջակա միջավայրի նախարարությունը որևէ իրավական ակտի պահանջ չի խախտել. Հերքման պահանջ

Շրջակա միջավայրի նախարարությունը որևէ իրավական ակտի պահանջ չի խախտել. Հերքման պահանջ

Շրջակա միջավայրի նախարարությունը որևէ իրավական ակտի պահանջ չի խախտել: Այս մասին հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Ի պատասխան Ecolur.am լրատվական կայքում տեղ գտած «Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՋԹ տրամադրելով «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին » վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղկատվությունն այն մասին, թե Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել էիրավական ակտի պահանջ, չի համապատասխանում իրականությանը:

«Լոռվա Ամրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի փետրվարի 09-ին շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել «Լորիբերդ-1» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության ստացման հայտերը և կից փաստաթղթերը:

Հայտերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ընկերությունը փհէկերի կառուցումը նախատեսում է Լոռու մարզում՝ Ձորագետ գետի վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետը (նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N488-Ն որոշման հավելվածի 19)-րդ կետը, համաձայն որի Դեբեդ գետի Ձորագետ վտակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետ, մերժել է ջրօգտագործման թույլտվության հայտերը:

Ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը բարենպաստ վարչական ակտեր ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, ինչպես նաև խնդրել է դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց, այն է` ժամանակավորապես բավարարել Հայցվորի պահանջը:

Վարչական դատարանը Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը 29.06.2021 թվականին բավարարել է` պարտավորեցնելով նախարարությանը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հայցվորի 08.02.2021թ. հայտի հիման վրա «Լոռվա ամրոց» ՍՊ ընկերությանը տրամադրել «Լորիբերդ-1» և «Լորիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման ջրօգտագործման թույլտվություններ:

Նախարարությունը Հայցի ապահովում կիրառելու մասին որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է, որից հետո, հիմք ընդունելով դատարանի որոշումը,կազմակերպությանը ժամանակավորապես տրամադրել է ջրլգտագործման թույլտվություններ: Հետևաբար, անհիմն է այն պնդումը, որ նախարարությունը որևէ իրավական ակտի պահանջ է խախտել:

Ըստ այդմ, ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում