7-րդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակված է
Ազգային ժողովն արձակված է իրավունքի ուժով: Մեր երկրում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Խորհրդակցելով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության, խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ՝ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշվել է հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություն:
Ըստ այդմ անհրաժեշտ էր, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, որից հետո երկու անգամ անընդմեջ օրենսդիրում վարչապետ չընտրվի:
Ընթացակարգերն ապահովելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, հրաժարական ներկայացրեց:
Մայիսի 3-ին և այսօր հրավիրված հատուկ նիստերում Ազգային ժողովը, պայմանավորվածության համաձայն, վարչապետ չընտրեց, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանը լուծարված է:
Ըստ Սահմանադրության՝ արձակված խորհրդարանը շարունակելու է աշխատել, լիարժեք կատարել օրենսդիր մարմնի բոլոր գործառույթները:
7-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կհամարվեն դադարեցված խորհրդարանական արտահերթ ընտրությունից հետո 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկի պահից, երբ արդեն նորընտիր խորհրդարանը կստանձնի օրենսդիր մարմնի իրավասությունները:
Կարծիքներ