ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում մեկ շաբաթում կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի 8 տոկոս աճի մասին

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 50 հազար մարդ։ Չորեքշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ նոր վարակների թիվը յոթ օրում աճել է 3 տոկոսով, իսկ մահերինը՝ 8 տոկոսով։
«Հոկտեմբերի 25-31 շաբաթվա ընթացքում աշխարհում նոր դեպքերի [վարակի] թիվը նախորդ շաբաթվա համեմատ փոքր-ինչ ավելացել է 3 տոկոսով։ Գրանցվել է ընդհանուր ավելի քան 3 միլիոն դեպք»,- ասվում է ԱՀԿ համաճարակային տեղեկագրում։ Ընդգծվում է, որ «շաբաթվա ընթացքում մահացությունների թիվն աճել է 8 տոկոսով՝ գերազանցելով 50 հազարը։
Նոր վարակների գրեթե 60 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային։ Յոթ օրվա ընթացքում այնտեղ գրանցվել է հիվանդացության 6 տոկոս աճ, Ամերիկայի երկրներում՝ 3 տոկոսով, Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2 տոկոսով։ Ընդ որում, դրա զգալի նվազում է գրանցվել Արեւելյան Միջերկրական ծովում (12 տոկոսով), Հարավարեւելյան Ասիայում (9 տոկոսով) եւ Աֆրիկայում (9 տոկոսով)։ Մահացության ամենամեծ աճը գրանցվել է Հարավարեւելյան Ասիայում (50 տոկոսով)։ Մահացությունների թիվը նախորդ յոթ օրերի համեմատ աճել է նաեւ Եվրոպայում (12 տոկոս) եւ Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10 տոկոս), մինչդեռ մնացած շրջաններում մահացությունը նվազել է:
Տեղեկագրում բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 25-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է 3 021 634 վարակման եւ 50 477 մահվան դեպք։ Միացյալ Նահանգները հայտնել են շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին (528.455): Դրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան (285.028), Ռուսաստանը (272.147), Թուրքիան (182.027) եւ Ուկրաինան (152.897):
ԱՀԿ-ն նշում է, որ «դելտա» շտամը, որը շարունակում է գերակշռել, հայտնաբերվել է վերջին 60 օրվա ընթացքում կատարված անալիզների 99.5 տոկոսում։ Այն «շատ երկրներում գերազանցել է այլ տարբերակները, այդ թվում` նրանք, որոնք որպես մտահոգիչ տարբերակներ են ճանաչվել»: Վերջիններս ներառում են նաեւ «ալֆա», «բետա» եւ «գամմա» շտամները։
ԱՀԿ-ի տվյալներով` նոյեմբերի 2-ի դրությամբ համավարակի սկզբից աշխարհում գրանցվել է կորոնավիրուսքվ վարակման 246.951.274 դեպք եւ 5.004.855 մահվան դեպք։ Վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 347 703-ով, մահերինը՝ 5 981-ով։
Կարծիքներ