Ալեն Սիմոնյանը Ջագան Չափագանին տեղեկացրել է գերեվարվածների և անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին

Ալեն Սիմոնյանը Ջագան Չափագանին տեղեկացրել է գերեվարվածների և անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել  ֆեդերացիայի դերը Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման եւ բնական աղետների դիմակայման գործում:

Ալեն Սիմոնյանը նշել  է, որ պատվիրակությունը շատ բարդ ժամանակաշրջանում է եկել Հայաստան, երբ դեռ կրում ենք Թուրքիայի ու վարձկանների օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքները եւ բազում չլուծված հարցեր կան:

Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարեւորելով Ֆեդերացիայի մանդատը:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների եւ անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների եւ պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը: Այս համատեքստում նա շեշտել է համապատասխան հարթակներում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առաջնայնությունը:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի խոսքը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման եւ լուծումների շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում