Բլինկենն ու Չավուշօղլուն երկար զրուցել են ԼՂ խնդրի շուրջ. Պետդեպը մանրամասներ է ներկայացրել

Բլինկենն ու Չավուշօղլուն երկար զրուցել են ԼՂ խնդրի շուրջ. Պետդեպը մանրամասներ է ներկայացրել

 Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Բլինկեն-Չավուշօղլու հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ:

«Բնականաբար, նրանք քննարկել են Աֆղանստանի հարցը, խոսել են Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք բավականին երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն մշտապես փորձել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտեցման բանակցությունների հարցում: Պետդեպի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ամերիկյան կողմի ներգրավվածությամբ է հնարավոր դարձել հայկական կողմից ականապատ որոշ տարածքների քարտեզների հանձնումն Ադրբեջանին, ինչի փոխարեն ադրբեջանական կողմն ազատ էր արձակել մի քանի հայ գերիների:

«Այժմ հարցը հետևյալն է՝ արդյոք ԱՄՆ, Մինսկի խմբի անդամ այլ երկրների, Թուրքիայի աջակցությամբ մենք կարող ենք անել ավելին՝ նպաստելու այդ երկու երկրների միջև լարվածության թուլացմանը սահմանների երկայնքով՝ հաշվի առնելով մնացած գերիների ու ականների հարցերը, իսկ հետո օգնել նրանց ձեռնարկել փոքր քայլեր, որոնք կարող են ուղի հարթել դեպի ավելի մեծ խաղաղության ու հաշտեցման գործընթաց:

Պետքարտուղարը պարզաբանել է Թուրքիայի համար, որը մեծապես ներգրավված է այս հարցում և հարևան երկիր է, որ մենք պատրաստ ենք օգտակար լինել, եթե կարող ենք: Մենք նաև պետքարտուղարից ավելի ցածր մակարդակներում երկկողմ հարաբերություններ ենք ունենում այս շաբաթ հայերի ու ադրբեջանցիների հետ՝ նույն առաջարկ անելով այստեղ»,- հայտարարել է պետդեպի ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում