Երվանդ Քոչար 125. «Ընդվզում» ստեղծագործության մուրալը՝ նոր շունչ Երևանում
Այսօր տրվել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը՝ Երևանի Պուշկինի 62 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի կողային ճակատին վերարտադրված Քոչարի «Ընդվզում» (1933թ.) ստեղծագործության մուրալի և ցուցատախտակի բացման արարողությամբ:
Այն տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանի և City of the Future Yerevan Street Art Fest–ի հիմնադիր Դավիթ Խաչատրյանի հետ համագործակցությամբ իրականացվող «Արվեստն ապագայի քաղաքում» նախագծի շրջանակում:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, պաշտոնատար այլ անձինք, արվեստասերներ:
Նկարազարդումն իրականացրել է մուրալ ուղղության միջազգային ճանաչում ունեցող իտալացի հրավիրյալ նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն:
Նախագիծն իրագործվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության և Երևանի քաղաքապետարանի, բարերարների հովանավորությամբ:
Բացման արարողությունից հետո հյուրերն այցելել են Երվանդ Քոչարի թանգարան, հանդես եկել ելույթներով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկերներին հաջողված նախագծի համար:
«Նախագիծը հնարավորություն է տալիս այս ձևաչափով ևս հանրահռչակելու մեծանուն արվեստագետին՝ Երվանդ Քոչարին, որի 125-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը մի շարք միջոցառումներ է նախատեսել: Պետք է ընդգծել, որ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործության մուրալը յուրահատուկ գույն և նոր շունչ է հաղորդում մեր մայրաքաղաքին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ Իտալիայի դեսպանատան հետ կա համագործակցության ամուր հիմք, և բազմաթիվ կարևոր ծրագրեր են իրականացվում:
Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն ևս բարձր է գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը:
Ըստ դեսպանի՝ գեղեցիկ աշխատանք է իրականացվել, որը պետք է վայելել առանց խոսքերի, քանի որ առանցքում Քոչարի արվեստն է: Նա նշել է, որ մուրալում օգտագործված է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքի ճակատից վերցված կամարը՝ ի նշանավորումն այն հանգամանքի, որ Քոչարը դասավանդել է վարժարանում:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել. «Լիահույս ենք, որ այս նախագծի շնորհիվ Երվանդ Քոչարի արվեստը հանրությանը հասանելի կդառնա ոչ միայն թանգարան այցելելու կամ նրա մոնումենտալ արձաններին ծանոթանալու միջոցով, այլև մեր քաղաքը նրա արվեստով առավել ժամանակակից, տպավորիչ և գրավիչ ներկայացնելու արդյունքում»:
Կարինե Քոչարը թանգարանի անունից շնորհակալագրեր և նվերներ է հանձնել գործընկերներին:
Կարծիքներ