Կոտայքի մարզում 2-ամյա երեխան տան բակում խաղալիս ընկել է ջրով տարայի մեջ ու ջրահեղձ եղել
Մայիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 2-ամյա Միքայել Ն-ն էր, ով նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իրենց տան բակում խաղալիս ընկել է բակում դրված ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կարծիքներ