Կստեղծվի «Երևան» ՓԲԸ, որտեղ կգործի ադապտիվ սպորտի կենտրոն. նախագիծ
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը:
Նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությանը և հնարավորություն ընձեռել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվելու ադապտիվ սպորտով:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության հիմնումը հրատապ է և անհրաժեշտ, քանի որ այն հնարավորություն կընձեռի մշակելու և կազմակերպելու մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր, ինչպես նաև իրականացնելու «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» և «Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ կանոնադրություններով նախատեսված գործառույթները մեկ տեղում։
«Երևան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը գործելու է «Միկա» մարզահամալիրի տարածքում՝ իր առկա գույքով (մարզադաշտ և կից սպորտային համալիրը՝ 2 մարզադահլիճով, վարչական մասով), և կօգտագործվի սպորտի խթանմանն ու զարգացմանը միտված տարբեր ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես՝ կկազմակերպվեն վերոնշյալ թիրախային խմբերի մարզումները, կիրականացվեն տարբեր մարզական միջոցառումներ ու հավաքներ, ինչը կնպաստի ինչպես գոյություն ունեցող գույքի պահպանմանը, այնպես էլ հետագայում նոր ներդրումներ կատարելուն և հնարավոր բարերարներ ներգրավելուն։
Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է միայն մեկ «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» ՊՈԱԿ (Շիրակի մարզի Գյումրի քաղաք), որը, սակայն, իրականացնում է միայն մանկապատանեկան մարզադպրոցի գործառույթներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների և հաշմանդամություն ունեցող անձանց մարզումները հնարավոր չէ այդտեղ անցկացնել։
Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ստանձնելով ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորությունը, սակայն մինչև հիմա հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում ադապտիվ սպորտի պետական կառույց չի գործում։
Հաշվի առնելով նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի ավելացումը՝ խիստ հրատապ և կարևոր է ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը: Ակնկալվում է, որ որ կենտրոնը կնպաստի սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վերականգնողական աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ադապտիվ սպորտում ընդգրկմանը:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 12-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում նախագիծը կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի հաստատման:
Կարծիքներ