Բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք փրկել Սաակաշվիլիին․ Նիկա Մելիա
«Ռուսթավիի բանտի առջև ցույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև մենք կոնկրետ արդյունք չստանանք և նախագահ Սաակաշվիլիին չազատենք այս դաժան իշխանության ճիրաններից»,- Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան։
Մելիայի հայտարարությամբ՝ երկրի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ կիրականացվեն։
«Ամենամեծ հանցագործությունն այն է, երբ Վրաստանի քաղաքացուն զրկում եք ընտրությունից։ Դուք պարտվողներին հաղթող եք հայտարարում և ընդհակառակը, այն չի կարող մնալ անպատասխան։ Այո, Վրաստանը սկսում է արդար բողոքի ակցիա։ Ցույցը կմեկնարկի Բաթումում, մենք սպասում ենք բաթումցիներին և ոչ միայն բաթումցիներին, այսօր ժամը 17:00-ին՝ Աջարիայի կառավարության շենքի մոտ գտնվող տարածքում: Բացի դրանից՝ Ռուսթավիի բանտի առջև ժամը 18:00-ին սպասում ենք այն մարդկանց, որոնք անհանգստացած են երրորդ նախագահի՝ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ կատարվող մահափորձով և նրա ճակատագրով»,- նշել է Նիկա Մելիան։
Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ից անազատության մեջ է։ Հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում, Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային շարժում» կուսակցությունը և նրա աջակիցները անցկացրին բողոքի ցույց՝ պահանջելով ազատ արձակել վերջինիս, սակայն համաձայնություն չստանալուց հետո որոշեցին դեմել ավելի կոշտ քայլերի։
Երրորդ նախագահը մեկ ամսից ավելի է՝ հացադուլի մեջ է։ Ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն իշխանությունները թույլ չեն տալիս։
Կարծիքներ