Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է. կինը հղի է, իր մոտ առկա է հիպերտոնիկ կրիզ. ՔԿ
Զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու համար մեղադրվող Գարիկ Գալեյանն ազատ արձակել արգելանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022 թվականի մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), 137.1-րդ հոդվածի 1-ին մասով (Ծանր վիրավորանքը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանք է առաջադրվել Գարիկ Գալեյանին։
Վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է։
Պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Գարիկ Գալեյանի կնոջ՝ Ա. Գալեյանի մոտ հաստատվել է 29-30 շաբաթական հղիություն, ինչպես նաև Գարիկ Գալեյանի մոտ շուրջ 6 շաբաթ առաջ ախտորոշվել է «Սրտի իշեմիկ հիվանդություն, անկայուն ստենոկարդիա, սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ կարդիոմիոպատիա», որի կապակցությամբ բժշկական միջամտությամբ կատարվել է ստենտավորում։
Ձերբակալված Գարիկ Գալեյանի մոտ ախտորոշվել է «Ս.Ի.Հ. հիպերտոնիկ կրիզ», վերջինս ժամը 13:00-ի սահմաններում ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք։
Վերոգրյալով պայմանավորված՝ նկատի ունենալով, որ բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ձերբակալված Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին»։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ Արթուր Գալեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել էր, և միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Կարծիքներ