«Անկախ բնակության վայրից` երիտասարդների համար պետք է ապահովել կրթական, մշակութային, ժամանցային նույն հնարավորությունները». Արթուր Մարտիրոսյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Աղվերանում կայացել է եռօրյա երիտասարդական ֆորումը, որին մասնակցել են ՀՀ 10 մարզերից և Երևան քաղաքից ընտրված շուրջ 100 երիտասարդներ:
Ֆորումի նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ երիտասարդական կազմակերպությունների և պետական կառույցների միջև, երիտասարդներին հնարավորություն տալ ակտիվորեն մասնակցելու հասարակական կյանքին և զարգանալու՝ որպես ակտիվ քաղաքացիներ, վերհանել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում առկա խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները:
Երիտասարդներին հեռավար ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Պետական քաղաքականության առանցքային նպատակն է, անկախ բնակության վայրից, ապահովել երիտասարդների կրթական, մշակութային, ժամանցային նույն հնարավորությունները: Սրան է միտված թե՛ Երևանում, թե՛ մարզերում երիտասարդական կենտրոնների հիմնումը՝ որպես մի հարթակ, որտեղ երիտասարդները կքննարկեն համայնքայինից մինչև պետական խնդիրներ՝ իրենց իսկ իրականությունը փոխակերպելու և լուծումներ առաջ քաշելու տրամաբանությամբ»,- ասել է նախարարի տեղակալը:
Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ ֆորումը կարևոր է տարբեր կառույցների և պետության միջև ակտիվ համագործակցության, ինչպես նաև երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու մասնակցայնությունը որոշումների կայացման գործընթացում խթանելու տեսանկյունից:
Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն էլ կոչ է արել երիտասարդներին իրենց համայնքներում լինել ակտիվ և ներգրավել նաև մյուս երիտասարդներին:
«Մեր նպատակն է ձեզ հետ և ձեզ համար մշակել համատեղ ծրագրեր: Միասին պետք է քննարկենք ձեր համայնքների խնդիրները և փորձենք նախանշել լուծումները»,- ասել է Զ. Ասլանյանը:
Երիտասարդական ֆորումի մասնակիցները ներկայացնում են տարբեր կառույցներ, այդ թվում՝ պետական, միջազգային, քաղաքացիական հասարակության և այլն:
Ֆորումն իրականացվել է հետևյալ թեմատիկ աշխատարաններում՝
1. Երիտասարդական աշխատանքը ՀՀ մարզերում (ներառյալ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից և զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդներին ներգրավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները):
2. Երիտասարդական կենտրոնների գործունեությունը Երևանում, ՀՀ մարզերում, համայնքներում, գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրները:
3. Երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ սկսած համայնքի պահպանումից մինչև զարգացում և ազդեցությունը որոշում կայացնողների վրա:
4. Պետական, տեղական, միջազգային և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ երիտասարդների հիմնախնդիրների բարձրացման և լուծման ուղղությամբ:
Աշխատարաններում երիտասարդները քննարկել են թեմայի շուրջ իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել խնդիրները և համատեղ լուծումներ փնտրել:
Անի Օհանյանն աշխատում է «Ավետիսյան» կրթահամալիրում և զուգահեռաբար նաև «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամում. «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի հեղինակն է:
«Ֆորումի շրջանակում մեկ հարթակում հավաքվել են տարբեր ոլորտներ ներկայացնող երիտասարդներ, որոնց մասին նախկինում չգիտեի, իսկ այսօր յուրաքանչյուրի հետ շփումը մի նոր հնարավորություն է համագործակցության, նոր գաղափարների իրականացման առումով»,- ասում է Անին:
Նա հատկապես հետաքրքրված է տարբեր համայնքներում երիտասարդական կենտրոնների ստեղծման և համայնքների զարգացման հիմնախնդիրներով. վստահեցնում է՝ ֆորումից հետո կվերլուծի ստացած գիտելիքն ու ինֆորմացիան և դրանք կծառայեցնի համայնքների զարգացման գաղափարին:
Նույն գաղափարի ջատագովն է նաև Հրայր Դադիկյանը, որը ներկայացնում է Գեղարքունիքի մարզը: Նա Մարտունու «Խորէջք» երիտասարդական կենտրոնի անդամ է, «Կարմիր խաչի» կամավոր: Հրայրը պատրաստվում է ֆորումի ընթացքում ձեռք բերած գիտելիքը փոխանցել նաև իր ընկերներին. «Մեկ հոգին կարող է իր գիտելիքը փոխանցել 300 հոգու՝ ընդամենը 3 հոգու լսելով: Ինքս էլ կդառնամ այդ փոխանցողներից մեկը: Այս առումով շատ եմ կարևորում ոչ ֆորմալ կրթությունը, որը երբեմն ավելին կարող է տալ, քան ֆորմալ կրթությունը»:
Ֆորումի ավարտին կկազմվի առաջարկությունների փաթեթ` ըստ թեմատիկ ուղղությունների, հաշվի առնելով երիտասարդական կազմակերպությունների փորձը, ինչպես նաև նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները:
Կարծիքներ