Մենք ուժեղ ենք, մենք պատրաստ ենք ամեն ինչի. Զելենսկի
«Այսօր առավոտյան նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Ռուսաստանը հարվածներ է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքներին և մեր սահմանապահներին, սահմանապահ ջոկատներին։ Ուկրաինայի շատ քաղաքներում պայթյուններ են հնչում:
Մենք ռազմական դրություն ենք մտցնում մեր երկրի ամբողջ տարածքում:
Մեկ րոպե առաջ ես զրույց ունեցա նախագահ Բայդենի հետ։ ԱՄՆ-ն արդեն սկսել է միջազգային աջակցություն հավաքել»,-ասել է Զելենսկին ուղերձում։
Զելենսկին հավելել է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրից հանգստություն է ակնկալում:
«Հնարավորության դեպքում խնդրում ենք մնալ տանը։ Մենք աշխատում ենք։ Բանակը աշխատում է,Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ ոլորտն աշխատում է. ես, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը, Ուկրաինայի նախարարների կաբինետը միշտ կապի մեջ կլինենք ձեզ հետ։ Շուտով նորից կապի մեջ կլինեմ: Ոչ մի խուճապ:
Մենք ուժեղ ենք։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք կհաղթենք բոլորին, քանի որ մենք Ուկրաինան ենք։ Փա՛ռք Ուկրաինային»,-եզրափակել է Զելենսկին։
Իրական հրթիռային հարվածներ, չեղարկված թռիչքներ, փոխարժեքի անորոշություն
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ վաղ առավոտից հրթիռային հարվածներ են հասցվում Կիևում, Խարկովում, Դնեպրում գտնվող հրամանատարակառավարման կենտրոնների, օդանավակայանների, ռազմական պահեստների ուղղությամբ: Սահմանին իրավիճակը լարված է:
Կասեցված են որոշ ուղղություններով թռիչքներ: Դատելով Flightradar24 առցանց ծառայությունից՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքներն արդեն դադարեցվել են Ուկրաինայի, Բելառուսի հարավային և կենտրոնական մասերի, Ռուսաստանի արևելյան և կենտրոնական շրջանների, Մոսկվայի հարևան շրջանների վրայով։
Արգելափակված է նաև Մոսկվայի շրջանի մի մասը։ Flightradar24 քարտեզը ցույց է տալիս, որ ինքնաթիռները չեն թռչում Սմոլենսկի, Կալուգայի, Տուլայի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Կուրսկի, Տամբովի, Վորոնեժի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Ստավրոպոլի և մասամբ Կրասնոդարի երկրամասերի վրայով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փաստացի հաստատել է Ուկրաինայի տարածքում հարվածների մասին լուրերը:
«Գերճշգրիտ հարվածները խափանում են ռազմական ենթակառուցվածքը, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը և ուկրաինական բանակի ավիացիան»,- հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Միաժամանակ գերատեսչությունն ընդգծում է, որ ռուսական զինուժը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարված չի հասցնում Ուկրաինայի քաղաքներին։
«Ուկրաինայի խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում»,- ասվում է գերատեսչությունում։
Ռուսական ֆինանսական բիրժայում առուվաճառքի գործարքները գրեթե ամբողջությամբ դադարեցված են: Երեկվա առուվաճառքի ավարտից հետո Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 11%-ով։
Կարծիքներ