Առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրումը մեր քաղաքական խոստումն է. Ավանեսյան
Առողջապահական համապարփակ ապահովագրության ուղղությամբ աշխատանքներ են տարվում, օրենսդրական փաթեթը բազմաթիվ քննարկումների, աշխատանքային բանակցությունների արդյունքում ձևաչափի և ներդրման փուլերի մասով կարծես հասել է կոնսենսուսի և գտնվում է Կառավարությունում:
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այստեղ մեր խնդիրն այն է՝ 2025-ի մեր բյուջետային հնարավորությունների մեջ կկարողանա՞նք մեկնարկել, թե 26-ից կմեկնարկենք: Հիմա սա ենք քննարկում: Այն մոդելը, ինչի շուրջ կարծես եկել ենք համաձայնության, 3 տարվա ընթացքում ներդրման մոդելն է:
Առաջին տարում այսօր պետպատվերից օգտվողներին կապահովագրենք առաջնահերթ, պետության հաշվին, հաջորդ փուլով թոշակառուները և 300 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները, երրորդ փուլով նոր մնացած բոլորը»,- ասաց Ավանեսյանը։
Նման մոտեցում է կիրառվում, որպեսզի համակարգը պատրաստ լինի նման դիմելիության, նաև ապահովվի որակի բարելավման բոլոր ռազմավարական ուղղությունները և հնարավոր լինի խուսափել որոշակի ռիսկերից:
«Նաև մեր քաղաքական խոստումն է, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք ապահովագրության ներդրումը, նաև քաղաքացիների ակնկալիքն է մեծ: Մարդիկ ունեն գիտակցումը, որ ավելի լավ է փոքր գումար ներդնել առողջության պահպանման համար, ունենալ հետազոտվելու, ժամանակին բուժօգնության դիմելու հնարավորություն, և երբ որ կարիք լինի թանկարժեք միջամտության, չմտածեն ֆինանսական անհաղթահարելի վիճակի մասին»,- ասաց նախարարը:
Կարծիքներ