Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի»-ի դիրքերին Դամասկոսում և Հոմսում
Իսրայելական ռազմաօդային ուժերն ուրբաթ գիշեր գրոհել են Դամասկոսի և Հոմսի արվարձաները, որտեղ տեղակայված են «Հեզբոլլահ» շարժման շիա ջոկատների զինապահեստները:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Հադաթ» հեռուստաալիքին, մի քանի հրթիռ է արձակվել շիա գրոհայինների ուղղությամբ՝ սիրիական մայրաքաղաքից դեպի արևմուտք ընկած Կալամուն լեռնային շրջանում: Պայթյունները լսվել են Կասյուն լեռան շրջանում և Դամասկոսի մոտակա «Մեզզա» ռազմական օդանավակայանում: Սիրիացի զինվորականների և աշխարհազորայինների շրջանում կորուստների մասին տեղեկություն չի ստացվել:
Հաղորդվում է, որ հրթիռային ավիահարվածները հասցվել են Լիբանանի օդային տարածքից:
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել Դամասկոսի և Հոմսի օդային տարածքում հայտնված թիրախների ուղղությամբ: Սիրիական «ՍԱՆԱ» գործակալության հաղորդմամբ՝ իրենց զենիթահրթիռային համակարգերը խոցել են արձակված հրթիռների մեծամասնությունը:
Կարծիքներ