Առողջապահությունն առավել քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2021թ. փետրվարի 10-ին հյուրընկալել է Santé Arménie (Առողջապահություն Հայաստան) նախաձեռնության մեկնարկային ժողովը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ժոնաթան Լաքոտի, Առողջապահության նախարարի տեղակալ, պարոն Գևորգ Սիմոնյանի, Բժշկական համալսարանի պրոռեկտոր պրն. Գառնիկ Ավետիսյանի, ինչպես նաև ծրագրի բոլոր գործընկերների ներկայությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:
Դեսպանը ողջունել է «Առողջապահություն Հայաստան» նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է բավարարել առողջապահության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության տարբեր ֆրանսիական դերակատարների, ինչպես նաև նրանց տարբեր մասնագիտությունների գծով հայ գործընկերների միջև համակարգման անհրաժեշտությանը:
Ժոնաթան Լաքոտը նշել է, որ առողջապահությունն առավել քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է և որ այս նախաձեռնությունը, որն իրականացվում է հետպատերազմյան անմիջական համատեքստում, նպատակ ունի հիմք դնելու երկարաժամկետ կառուցվածքային համագործակցության:
«Առողջապահություն Հայաստան» նախաձեռնությունը Ֆրանսիայում միավորում է ավելի քան 250 առողջապահության ոլորտի մասնագետների ՝ ֆրանսիական հայտնի հաստատություններից, ինչպիսիք են Փարիզի, Մարսելի հիվանդանոցները` AP-HP, AP-HM, Լիոնի քաղաքացիական հիվանդանոցները որոնցից մի քանիսը, ինչպես օրինակ Լիոնի Վինատիե հիվանդանոցը, համագործակցության մի քանի նախաձեռնությունների միջոցով արդեն 20 տարուց ավել է ներկա են Հայաստանում:
Հայկական կողմից ծրագրի շահագրգիռ կողմ են Առողջապահության նախարարությունը, Բժշկական համալսարանը, այլ կառույցները, հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները:
ՀԲԸՄ ֆրանսիական գրասենյակի հետ համագործակցությամբ և աջակցությամբ կազմակերպված այս առաջին հանդիպման ավարտին կազմվեց ապագա համագործակցության նպատակների և նախագծերի ճանապարհային քարտեզ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շուտով կազմակերպել երկու երկրների մասնագետների առաջին համագումարը:
Կարծիքներ