Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան, հրապարակվել են Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը (հասանելի է https://www.gov.am/am/K-Negotiation-Documents/ )։
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դրանց մի մասը, մասնավորապես, ՄԱԿ–ի ԱԽ 1992, 1993 թվականների բանաձևերը մինչ այս էլ առկա էին համացանցում։ Հրապարակային փաստաթղթերը փաթեթում ներառվել են բանակցային գործընթացի ամբողջական տրամաբանությունն ի ցույց դնելու համար։
Ո՞րն է ի վերջո հետևությունը հրապարակված փաթեթից։ Թերևս այն, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք, ինչ խոսք, ձևավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտայի կողմից։ Նրանք այդ միֆերը ձևավորել են իրենց իշխանության գալը և մնալը արդարացնելու համար ու այդ միֆերը զարգացրել են այնքան, որ դա Հայաստանում դարձել է մտածողություն, իսկ դրանից դուրս հայացքը՝ քաղաքական տաբու, դավաճանություն։
Հետագայում այդ տաբուն օգտագործվել է քաղաքական վերարտադրության համար, և ամեն վերարտադրությունից հետո տաբուն ավելի է կարծրացել` հանրությանը մատուցվելով որպես բացարձակ ճշմարտություն։
Եթե սա լիներ ներհայաստանյան և ներհայկական հարաբերությունների խնդիր, գուցե հասկանալի լիներ։ Բայց հարցն այն է, որ Ղարաբաղի հակամարտությունը միջազգային պրոբլեմ էր, եթե նույնիսկ մի կողմ դնենք տարածաշրջանային համատեքստը։
Իսկ հարցի միջազգային ընկալումը ոչ միայն սկզբնական շրջանում է հակադիր եղել Ղարաբաղյան շարժման պատկերացումներին, այլև զարգացել է հակադիր ուղղությամբ։
Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ ՀՀ հետ միացման շուրջ։ Բանակցությունների հիմնական առարկան եղել է այն, որ Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Միջազգային հանրության այս ընկալումը հստակ արձանագրված է 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարության հետևյալ հատվածում․ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում»։
Այս ձևակերպումը ցույց է տալիս, որ նույնիսկ «ինքնորոշում» հասկացությունը մեզանում միֆականացված է եղել, որովհետև միջազգային հանրության ընկալմամբ՝ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր «ինքնակառավարում» Ադրբեջանի կազմում։ Ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում։ Սա էլ է կարևոր տարբերություն։
Տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միաժամանակ բանակցային սեղանին ունենալը նշանակել է, որ չէր կարող լինել Ղարաբաղի կարգավիճակի որևէ սահմանում առանց Ադրբեջանի համաձայնության, որովհետև Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ Սա հստակ արձանագրված է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում։
Սա արձանագրված է նաև հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու գաղափարների մեջ, որովհետև այդ գաղափարները ձևակերպված էին այնպես, որ Ադրբեջանը հիմք ունենար ասելու, որ հանրաքվեին պետք է մասնակցեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղից ժամանակին հեռացած ադրբեջանցիները, այլև Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Այսինքն՝ ենթադրվող հանրաքվեն տեղի է ունենալու ոչ թե Ղարաբաղում, այլ ամբողջ Ադրբեջանում։ Հայաստանը համաձայն չէր այդ մեկնաբանության հետ, և այն, որ հանրաքվեն չէր կայանում և պրոցեսն էլ առաջ չէր գնում, նշանակում էր՝ Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ էր, որովհետև Ղարաբաղը դե յուրե համարվում էր Ադրբեջանի մաս։ Սա արձանագրվել է նաև տարածքների փոխանակման, ընդհանուր պետության հայեցակարգերում։
Ու որքան երկար է ձգձգվել ժամանակը, այնքան Ադրբեջանի դիրքորոշումները կոշտացել են՝ առանց նախնական հարաբերականորեն ավելի բարենպաստ բանակցվող տարբերակներին վերադարձի հնարավորության։
Փաստաթղթերից երևում է, որ 2018 թ․ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո բանակցային սեղանին չի դրվել այլ փաստաթուղթ կամ առաջարկ, քան եղել է դրանից առաջ։ 2019 թ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված թղթին կից մեկ այլ փաստաթղթի տարեթիվը 2016 թ․-ն է, իսկ փաստաթղթի առաջին նախադասությունը ցույց է տալիս, որ այն ձևակերպվել է այն ժամանակներում, երբ հարցի գլխավոր բանակցողը ՀՀ նախագահն էր, ոչ թե վարչապետը։ Այսինքն՝ փաստաթուղթը ձևակերպվել է 2018 թ․ հեղափոխությունից առաջ։
Հրապարակված փաստաթղթերից ամենաուշագրավը, թերևս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ընդհանրացնում է 2016 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ առկա իրավիճակը ԼՂ բանակցությունների վերաբերյալ։ Եվ այստեղ պետք է արվեն մի շարք կարևոր արձանագրումներ։ Նախ՝ Սերժ Սարգսյանն այդ նամակում հնչեցնում է գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ․ ա) Սերժ Սարգսյանն ունեցել է ռազմական կամ պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության գնահատական, բ) արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների բալանսը խախտված է, գ) ընդգծել է, որ «միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը բավարար փոխհատուցում չէ տարածքների իրական հանձնման դիմաց», դ) Ադրբեջանը չի վերցնում իր վրա հստակ պարտավորություններ ԼՂ հանրաքվեի և ԼՂ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ, և որպես այս գնահատականի հիմնավորում՝ արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մշտապես հղում է անում Ադրբեջանի Սահմանադրությանը՝ որպես ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու խոչընդոտ, քանի որ նա դա համարում է Ադրբեջանի ներքին հարցը:
Նամակից երևում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը խնդիր է տեսել ՌԴ կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ, հակառակ պարագայում չէր լինի տվյալ նամակի անհրաժեշտությունը։ Ռազմական բալանսը խախտվել էր, այդ թվում՝ Ադրբեջանին ՌԴ ակտիվ սպառազինելու արդյունքում։ Գումարած՝ ի հեճուկս ՀՀ ընդհանուր առմամբ միաբևեռ արտաքին քաղաքականության, որը ենթադրաբար նպատակ ուներ ԼՂ հարցում ՌԴ բարեհաճությունը շահել, բանակցային սեղանին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջ էին քաշվել մոտեցումներ («Լավրովի պլանը»), որոնք 2016 թ․ փաստի առաջ էին կանգնեցրել Հայաստանի իշխանություններին և Սերժ Սարգսյանին։
Դա է պատճառը, որ այս նամակը Սերժ Սարգսյանն ուղղում է հենց Վլադիմիր Պուտինին, ոչ թե ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահներին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների։ Այդ նամակից է, որ վերծանում ենք, որ 2016 թ․ օգոստոսին Սերժ Սարգսյանը հասկացել է, որ անելանելի վիճակում է, և եթե ՌԴ կողմից մոտեցումը չփոխվի, ապա պատերազմն անխուսափելի է, ընդ որում՝ խախտված ռազմական բալանսի պարագայում անխուսափելի է՝ կանխատեսելի արդյունքով։
Մի կողմից՝ ԼՂ անզիջում մոտեցումները, մյուս կողմից՝ ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության բացակայությունը շուրջ երկու տասնամյակ երկրի ներսում հասարակությանը մտացածին ռազմահայրենասիրական պրոպագանդայի ներարկման պայմաններում անհնար էին դարձնելու պատերազմից խուսափելը։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2018 թ․ ապրիլին Ազգային Ժողովի իր հայտնի ելույթում խոստովանեց, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի փակուղու մեջ են։
Շատերի մտքով է թերևս անցել, թե ինչո՞ւ 2018 թ․ մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել իշխանությունը, Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը լծվել էր անհասկանալի մեղադրանքներ հնչեցնելու, որ Նիկոլ Փաշինյանը եկել է «հողերը հանձնելու»։ Փաստաթղթերի և Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը տալիս է այդ հարցերի պատասխանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմն այլևս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը՝ առավել քան կանխատեսելի։ Եվ այդ հայտարարությունները հետագայում նրան պետք էին քաղաքական վերադարձի համար։
Հ․Գ․ Արժե անդրադառնալ նաև Ղարաբաղի ենթադրյալ միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի որոշման ենթադրյալ հանրաքվեի մեկ այլ կողմի։ Երկուսն էլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունը համարում էր ձեռքբերում, մինչդեռ միջանկյալ կարգավիճակը նշանակում Լեռնային Ղարաբաղի 90-ականներից փաստացի հաստատված կարգավիճակի և կառավարման կարգավիճակի կազմալուծում և նոր հայ–ադրբեջանական կառավարման հաստատում, իսկ ապագա հանրաքվեի գաղափարի քննարկումն իսկ նշանակում էր 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ապալեգիտիմացում։ Այսինքն՝ վարված բանակցային գործընթացի արդյունքում ԼՂ հակամարտությունը բովանդակային առումով հասել էր 1991 թվականի զրոյական կետին։
Հրապարակումը՝ 1lurer-ի


Կարծիքներ