«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. հաջորդ մրցակիցը Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն է

«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. հաջորդ մրցակիցը Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն է

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլը և առաջին անգամ մտավ փլեյ-օֆֆ:

 

Այսօր Երևանում կայացած պատասխան խաղում մեր թիմը լրացուցիչ ժամանակում հաղթեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»: Առաջին խաղակեսի վերջում ալաշկերտցիների պորտուգալացի խաղացող Ժոզե Էմբալոն բացեց հաշիվը, սակայն երեք րոպե անց հյուրերը հավասարացրին այն: Երկրորդ կեսի 50-րդ րոպեին Էմբալոն կրկին առաջ մղեց դաշտի տերերին, բայց 11 րոպե անց «Կայրաէը» կրկին վերականգնեց հավասարությունը: 

 

62-րդ րոպեին մեր թիմը թվային առավելություն ստացավ, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվել հյուրերի ֆուտբոլիստը: Սակայն, խաղի հիմնական ժամանակում «Ալաշկերտը» չկարողացավ օգտագործել այդ առավելությունը:

 

Լրացուցիչ ժամանակի երկրորդ րոպեին «Կայրաթն» արդեն մնաց 9 խաղացողով, քանի որ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց նրանց երկրորդ ֆուտբոլիստը: «Ալաշկերտից» պահանջվեց 12 րոպե թվայիդ այդ առավելությունը գոլի վերածելու համար: Աչքի ընկավ փոխարինման մտած Ալեքսանդր Գլիշիչը: Այդ հաշիվը պահպանվեց մինչև խաղի ավարտը:

 

Այդպիսով, «Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Կայրաթին» և մտավ  Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ: Դա նշանակում է, որ մեր թիմը նվազագույնն ապահովել է իր մասնակցություն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում:

 

Իսկ ահա Եվրոպայի լիգայի խմբային փուլ մտնելու համար «Ալաշկերտը» փլեյ-օֆֆում պետք է հաղթահարի արդեն Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյնջերսի» արգելքը: Թիմերի խաղերը կկայանան օգոստոսի 19-ին և 26-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում