Չինաստանն ավելի քան 9 միլիոն մարդ է պատվաստել կորոնավիրուսի դեմ
Չինաստանում ավելի քան 9 միլիոն մարդ է արդեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիգիենայի եւ առողջության պահպանման պետական կոմիտեի ներկայացուցիչ Ցզեն Իսինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դեկտեմբերի 15-ից մինչ օրս բնակչության առանցքային խմբերից 7.5 միլիոն մարդ է պատվաստանյութ ընդունել հանրապետության ամբողջ տարածքում: Եթե նրանց գումարենք պատվաստանյութով պատվաստված բարձր ռիսկային խմբերի շուրջ 1.6 միլիոն ներկայացուցիչներին, ապա կստացվի, որ մինչ այժմ Չինաստանում պատվաստանյութ է ստացել ընդհանուր ավելի քան 9 միլիոն մարդ»,- ասել է նա: Ցզեն Իսինը նշել է, որ Չինաստանի բնակչության համար պատվաստումը լիովին անվճար կլինի:
Չինաստանի իշխանություններն արտակարգ օգտագործման համար հաստատել են Sinopharm-ի եւ Sinovac-ի երկու թեկնածու պատվաստանյութերը: ՉԺՀ-ում նաեւ հաստատվել է CanSino ընկերության պատվաստանյութը` զինված ուժերում օգտագործման համար: Պատվաստանյութն առաջին հերթին ստանում են բուժաշխատողները, մաքսային ծառայողները, տրանսպորտի եւ լոգիստիկ ոլորտի աշխատակիցները, սանիտարահիգիենիկ ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ նրանք, ում անհրաժեշտ է արտագնա աշխատանքի կամ ուսման մեկնել:
Դեկտեմբերի 21-ին Շանհայի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի աշխատակից Տաո Լինան հայտարարել էր, որ Չինաստանի իշխանությունները մինչեւ 2021 թվականի փետրվարի 15-ը նախատեսում են 50 միլիոն մարդու պատվաստել կորոնավիրուսի դեմ:
Կարծիքներ