Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատում «3+2» ձևաչափի առաջին հանդիպման արդյունքները
![Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատում «3+2» ձևաչափի առաջին հանդիպման արդյունքները](https://freenews.am/uploads/images/image_750x_61c60a6268d47.jpg)
« 3+2» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը փոխարտգործնախարարների մասնակցությամբ ընդհանուր առմամբ դրական տպավորություն է թողել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեկտեմբերի 24-ին հրավիրված առցանց ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Մոսկվայում դեկտեմբերի 10-ի տեղի ունեցած «3+2» ձևաչափի հանդիպման արդյունքների մասին հարցին:
«Դա եղել է առաջին հիմնադիր հանդիպումը, և շատ ընդհանուր սկզբունքներ են քննարկվել` տեխնիկական, կազմակերպչական, ինչ պարբերականությամբ հանդիպում է լինելու, այդ հանդիպումները ինչպես կազմակերպել, հարցերի ինչ շրջանակ պետք է քննարկվի: Եվ այն, ինչ նախկինում հայտարարել ենք, այդ շրջանակում է եղել: Անկեղծ ասած, մեր ներկայացուցիչը ինչ մեզ զեկուցել է, ընդհանուր առմամբ դրական տպավորություններ ունենք առաջին հանդիպումից, որը չի նշանակում, որ այն ահազանգերը և ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնում են, չկան»,- ասաց Փաշինյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ ընդհանուր առմամբ «3+2» ձևաչափը համապատասխանում է կառավարության ծրագրում ձևակերպած այն դիրքորոշումներին, որ Հայաստանն ուզում է տարածաշրջանային խոսակցություններին մասնակից լինել:
«Եթե մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, եթե բանակցելու ենք Թուրքիայի հետ,եթե Իրանի հետ մեր երկխոսությունը մշտական է, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եթե առանձին-առանձին բոլորի հետ խոսում ենք` անտրամաբանական կլինի, եթե ասենք, որ այդ միջավայրում չենք ուզում խոսել: Հայկական կողմի այն նախապայմանի մասով, որ չենք քննարկվելու այնպիսի հարցեր, որոնք այլ ձևաչափերում քննարկվում են, ըմբռնումը կա, որովհետև ոչ մեկ չի ուզում այդ քննարկումը ձախողվի: Անտրամաբանական կլինի, եթե մենք հավաքվենք և տանենք այն ուղղությամբ, որ քննարկումը ձախողվի: Այդ ըմբռնումը կա, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին փորձ չի արվի ձախողել»,- եզրափակեց Փաշինյանը:
Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել «3+2» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը` Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ:
Կարծիքներ