Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալահամերգին

Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ գալահամերգին

Օգոստոսի 12-ից մայրաքաղաքում մեկնարկած «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց գալա համերգով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

14 համերգից բաղկացած համերգաշարը փառատոնային հագեցած ծրագրով այս օրերին իր շուրջը համախմբեց հայ և օտարերկրացի անվանի երաժիշտներին, երաժշտախմբերին և դասական երաժշտության սիրահարներին: Եզրափակիչ գալա համերգին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած փառատոնն իրականացվում էր առաջին անգամ: Կարևորելով հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստի զարգացումն ու մայրաքաղաքում մշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ փառատոնի հովանավորությունը ստանձնեց Երևանի քաղաքապետարանը:

Գալա համերգին ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մենակատար՝ Նենսի Ժուո (ջութակ): Երեկոյի ընթացքում հնչել են Ջիվան Տեր-Թադևոսյանի «Լիրիկական պոեմ», Արամ Խաչատրյանի «Հանդիսավոր պոեմ», ստեղծագործությունները, Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից հատվածներ, Ալեքսեյ Շորի «Ուրվականներ» ջութակի կոնցերտը, Բիզե/Վաքսմանի «Կարմեն» ֆանտազիան:

Հարկ է նշել, որ փառատոնն ուներ նաև կրթական կարևոր բաղադրիչ. անվանի երաժիշտներ Ջիովանի Զանոնը, Սալիմ Աշքարը, Ալեքսանդր Ռամը, Բրանոն Չոյը, Նոյեմի Գյորին, Վանեսա Բենելին Երևանի քաղաքապետարանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում իրականացրեցին վարպետության դասեր՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում