Փառատոնը գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները միավորող հարթակ է. «Սթարմուս»-ի մեկնարկին մնաց 1 օր
Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով սեպտեմբերի 5-10-ը և նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են՝ հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։
Արդեն իսկ Հայաստան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ, երաժիշտներ ու արվեստագետներ։ Փառատոնը գիտության մշակույթի ու արվեստի գործիչներ միավորող հարթակ է, որի շրջանակում հյուրերը հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձը և նորագույն հայտնագործությունները հանրամատչելի ձևաչափերով։
STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
STARMUS փառատոնը հիմնադրել են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և լեգենդար «Queen» խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների քննարկումները։
STARMUS փառատոնը մինչև այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:
Կարծիքներ