Ներկայացվել են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին ընծայաբերած բացառիկ հավաքածուներ
Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Նշանակալի իրադարձությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարերարներ, Մատենադարանի՝ տարբեր տարիների նվիրատուներ։
«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության ընթացքում ներկայացվել են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։ Օրվա խորհրդի ամբողջացումը նշանավորվել է ևս մեկ մեծարժեք մատյանի վերադարձով. բարերար Վահե Բադալյանը Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը ընծայաբերել է Մատենադարանին։
Այս առիթով նվիրատուին շնորհվել է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալը, որը հանձնվել է բարերարի որդուն՝ Ռոման Բադալյանին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Մատենադարանի նշանակությունը մեր երկրի գիտամշակութային և կրթական կյանքում, ընդգծել է, որ այն մշտապես վերարժևորելու անհրաժեշտություն ունի։
«Մատենադարանը, իսկապես, հավաքական ջանքի համախմբում է։ Այն բազմաթիվ մարդկանց և նրանց նվիրումի, սրտացավության և հավաքչության արդյունք է։ Այստեղ մեկտեղվում են պետության, անհատների, մասնավորի ջանքերը, ու սա կարծում եմ՝ ցույց է տալիս այն նշանակությունը, որ Մատենադարանն ունի՝ կարողանալով համախմբել ու միավորել»։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 65-ամյակը լավ առիթ է, որպեսզի հետ նայենք, հասկանանք՝ ինչ ճանապարհ ենք անցել և նաև՝ ուր ենք գնում․ «Այսօր Մատենադարանն անընդհատ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որով էլ ավելի է մեծանում այս կառույցի նշանակությունն ու դերը ներկա մարտահրավերների պայմաններում։ Մատենադարանն առաջ է գնում և իր հետևից տանում նաև այն կարևոր ուղղության զարգացումը, ինչպիսին հայագիտությունն է»։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ձեռագրի նվիրաբերումը վերաճել է հայության գոյահաստատման յուրահատուկ ակտի։ Նրա գնահատմամբ՝ Մատենադարանի նվիրատուներին՝ անկախ բնակավայրից ու տարիքից, զբաղմունքից ու մասնագիտությունից՝ հոգևորական, գիտնական, թե քաղաքական այր, միավորում է հավաքչականության բնազդն ու գիտակցումը․
«Մատյանի ընծայաբերումով յուրաքանչյուր հայ՝ գիտակցաբար, թե՛ ենթագիտակցորեն, մեկտեղում է իր հոգևոր հայրենիքի աշխարհասփյուռ բեկորները։ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության աջակցությամբ Մատենադարանը ձեռք բերեց 1405 թվականին գրված Առբերդի Ավետարանը։ Մատենադարանում աշխատող մարդու համար չկա ավելի մեծ տոն, քան մատյանի տունդարձը»:
Արա Խզմալյանը նաև տեղեկացրել է՝ այս տարի Մատենադարանը նախատեսում է հատուկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն վերջին մեկ տարվա արժեքավոր ձեռագրական համալրումները:
Կարծիքներ