Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 2022 թ. հունվարից համարվում են ԱԱՀ վճարող. ՊԵԿ-ը ներդրել է e-VAT համակարգ
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ օրենսդրական փոփոխության համաձայն, 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։
Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՊԵԿ-ը ներդրել է e-VAT համակարգ: Այն հնարավորություն է ընձեռում ոչ ռեզիդենտ կազմակերպություններին րոպեների ընթացքում գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։
Համակարգը կառուցված է հնարավորինս պարզ և հարմար՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից կիրառելու համար։ Համակարգի միջոցով հարկային մարմնում հաշվառումը իրականացվում է պարզեցված եղանակով, ինչպես նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից հատուկ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների համար մշակվել է էլեկտրոնային ստորագրության տրամադրման պարզ ընթացակարգ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ-ում հաշվառված չեն և չունեն կացության քարտ։
Համակարգում տեղադրված են 5 տարբեր արտարժույթներով բանկային վավերապայմաններ, որոնց միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կարող են վճարել իրենց գործունեությունից ձևավորված ավելացված արժեքի հարկը։ Նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն, որի միջոցով կազմակերպությունների վճարումը կիրականացվի համակարգի միջոցով՝ հաշված րոպեների ընթացքում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային քարտերով։
2022 թ. հունիսի 27-ի դրությամբ՝ e-VAT համակարգի օգտվող է հանդիսանում 30-ից ավելի խոշոր միջազգային կազմակերպություն։ 2022 թվականի առաջին եռամսյակի համար վերոնշյալ կազմակերպությունների կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 170 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկ։
Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում e-VAT համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, և այդ նպատակով ակտիվ երկխոսություններ են տարվում ՀՀ-ում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ:
Կարծիքներ