Եվրոպայի երկրներում կարանտինային սահմանափակումները խստացվում են

Եվրոպայի երկրներում կարանտինային սահմանափակումները խստացվում են

Նիդերլանդներում, COVID-19-ի բռնկման ֆոնին, սկսած այսօրվանից ուժի մեջ են մտնում կարանտինային նոր կանոնները։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն մամուլի ասուլիսի ժամանակ։

«Առողջապահության վրա ճնշումը կրկին չափազանց մեծ է։ Քովիդով հիվանդների մեծ թվի պատճառով վիրահատությունները, մասնավորապես՝ սրտի, կրկին ու կրկին հետաձգվում են»,-ասել է նա։

Խանութների, հանրային սննդի կետերի աշխատանքային ժամերը կկրճատվեն։ Խանութներում, ռեստորաններում, սրճարաններում կպահանջվի փաստաթղթի առկայություն, որը կհավաստի պատվաստված լինելու, հիվանդությունը հաղթահարելու մասին, կամ հարկավոր կլինի ներկայացնել թեստի բացասական պատասխան։ Խորհուրդ չի տրվում տանն օրական 4 հոգուց ավելի հյուր ընդունել՝ չնայած պատվաստումային կարգավիճակին։

Միջոցառումները կգործեն առնվազն 3 շաբաթ։ Հարցը կրկին քննարկման կդրվի դեկտեմբերի 3-ին։

Իր հերթին Ավստրիայի խորհրդարանը ծրագրում է հանգստյան օրերին քննարկել այն մարդկանց համար մեկուսացման հարցը, ովքեր չեն ստացել երկու դեղաչափ պատվաստանյութ կամ չեն հիվանդացել ու ապաքինվել։

«Մենք ցանկանում ենք կիրակի կանաչ լույս վառել չպատվաստվածների համազգային մեկուսացման համար»,-ասել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ։ Դա նշանակում է, որ մարդը չի կարող դուրս գալ տանից, եթե չի պատրաստվում աշխատել կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել։

Ավստրիայի բնակչության միայն 64 տոկոսն է ամբողջովին պատվաստված, ինչը ամենացածր ցուցանիշն է արևմտաեվրոպական երկրների շարքում։ ԵՄ-ում միջին ցուցանիշը կազմում է 67 տոկոս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում