ԱՀ նախագահը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը

ԱՀ նախագահը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ կառույցին գրասենյակ տրամադրելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ Խորհրդի անդամները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում բնակչության տարբեր շերտերի հետ, բացահայտում առկա խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում ԱՀ նախագահի աշխատակազմին։

Արմեն Գևորգյանը հավելել է, որ Խորհուրդը հետևողական է լինելու, որպեսզի այդ խնդիրներն ստանան պատշաճ լուծում:

Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ ըստ ամենայնի աջակցելու է Հանրային խորհրդի գործունեությանը և հույս հայտնել, որ կառույցի հետ համագործացությունը կլինի շարունակական: Հանդիպմանը մասնակցել է հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում