Որքան ալկոհոլ կարող են օգտագործել դիաբետ ունեցողները
Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան ներկայացրել է մեծամասշտաբ ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրվել է ալկոհոլի եւ երկրորդ տիպի դիաբետի միջեւ կապը:
Ուսումնասիրությունը ներառել է ավելի քան 10 հազար մարդ, որոնց մոտ միջինը 10 տարի առաջ շաքարային դիաբետ էր ախտորոշվել: Մասնակիցների միջին տարիքը եղել է 63 տարեկան, 61 տոկոսը տղամարդիկ են եղել:
Արդյունքում պարզվել է, որ դիաբետ ունեցողների կողմից ալկոհոլի չարաշահումը կտրուկ մեծացրել է նրանց մոտ հիպերտոնիայի զարգացման ռիսկը: Չարաշահում համարվել է շաբաթական 8 եւ ավելի բաժինը:
Մասնակիցներին, ըստ ալկոհոլ ընդունելու քանակի, բաժանել են 4 խմբի՝
չխմողներ
քիչ օգտագործողներ՝ 1-7 բաժին ալկոհոլ մեկ շաբաթվա ընթացքում
միջին ՝ 8-14 բաժին շաբաթական
շատ օգտագործողներ՝ 15 եւ ավելի բաժին:
Մի բաժինը սահմանվել է՝ 350 գրամ գարեջուր, 140 գրամ գինի կամ 40 գրամ թունդ խմիչքներ:
Արդյունքները ցույց են տվել, որ քիչ օգտագործողների պարագայում՝ 1-7 բաժին ալկոհոլ շաբաթական, բարձր ճնշման հետ կապված խնդիրներ ի հայտ չեն եկել, միջին խմբում զարկերակային ճնշման մակարդակի բարձրացման վտանգն ավելացել է 79 տոկոսով, իսկ շատ օգտագործողների դեպքում այդ վտանգն ավելացել է 91 տոկոսով:
Այսպիսով, մասնագետները երկրորդ տիպի դիաբետ ունեցող անձանց խորհուրդ են տալիս կրճատել ալկոհոլի քանակը, հատկապես՝ եթե զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ ունեն:
Կարծիքներ