Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք. գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը

Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք. գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը

ԵԱՏՄ տարածքում առցանց աշխատանք գտնելու նոր հնարավորություն է ստեղծվել: Հուլիսի 1-ից գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը, որը մեկտեղում է  աշխատանք փնտրողներին և գործատուներին:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ «Աշխատանք առանց սահմանների» հարթակը ստեղծվել է ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում: Այն նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար: Այն որոնողական լայն հնարավորություններով լավ գործիք է ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ գործատուների համար:

«Յուրաքանչյուր ցանկացող կարող է ունենալ անձնական էջ տվյալ հարթակում, իր մասնագիտական հմտություններն ու որակավորումները հանրայնացնելու ԵԱՏՄ տարածաշրջանում, ֆիլտրների լայն հնարավորությամբ կարողանա ընտրել ավելի նպատակային, ավելի հարմար աշխատանք: Հաջորդ առավելությունն այն է, որ հարթակից օգտվելը, եղած ծառայություններն անվճար են»,-ասաց Անահիտ Պարզյանը: Հարթակում շահառուների գրանցումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություններում: Քաղաքացիները մոտենում են ծառայությունների գրասենյակներ և գրանցվում «Գործ» տեղեկատվական համակարգում: Դրանից հետո քաղաքացիները կարող են բացել օգտանուններ՝ ունենալով անհատական էջեր: Շահառուի կողմից ներմուծված տեղեկությունը հավաքագրվում է հայերենով, սակայն հարթակն ունի ավտոմատացված մեխանիզմ, որով տեղեկությունը կարող է փոխանցվել ռուսերենով:

Հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրել կամ աշխատող գտնել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում: Կա ինչպես առկա, այնպես էլ հեռակա աշխատանքի հնարավորություն:Անահիտ Պարզյանը նշեց, որ այս հարթակի ստեղծման նպատակներից մեկը ռիսկերի նվազեցումն է:

«Այսպես, թե այնպես, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն աշխատանք փնտրում էին, քիչ չէին դեպքերը, որ հայտնվում էին խաբված իրավիճակում: Հարթակի ստեղծման նպատակն այն է, որ այդ իրավաբանական անձինք նույնականացվեն: Ամեն դեպքում կապը քաղաքացիների և գործատուների միջև լինելու է ինքնուրույն, նամակագրության միջոցով: Քաղաքացինեըը հնարավորություն ունեն ինքնուրույն մի քանի այլ հարթակներում տեղեկություններ փնտրել գործատուի մասին»,- հավելեց Անահիտ Պարզյանը: Նրա խոսքով, ստեղծված հարթակը լավ հնարավորություն է նեղ մասնագետների գտնելու համար:

Հարթակը նոր է, բայց արդեն ընդհանուր ԵԱՏՄ տարածքից 4 մլն աշխատանքի փնտրողի և կես միլիոն գործատուի մասին տեղեկություն կա:  Ակնկալվում է, որ այն աշխուժություն կմտցնի զբաղվածության շուկայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում