Wildberries-ի ղեկավարի ամուսինը ձերբակալվել է գրասենյակի առջև մահացու հրաձգությունից հետո
Ռուսաստանի ամենահարուստ կնոջ՝ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսին Վլադիսլավ Բակալչուկը, որը նաև ընկերության համահիմնադիրն է, ձերբակալվել է։ Ըստ նրա փաստաբանների՝ Վլադիսլավ Բակալչուկին մեղադրանք է առաջադրվել սպանության համար Wildberries-ի մոսկովյան գրեսենյակի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։
Այս տարվա հունիսին Wildberries-ը հայտարարեց արտաքին գովազդի Russ օպերատորի հետ միավորվելու մասին: Միաձուլումից հետո ստեղծված ՌՎԲ ընկերության կազմում Wildberries-ի և Russ-ի բաժնեմասերը կազմել են 65 % և 35 %: ՌՎԲ ընկերության գործադիր տնօրենն է Ռոբերտ Միրզոյանը։ Վլադիսլավ Բակալչուկը սուր քննադատության է ենթարկել գործարքը՝ նշելով, որ իր կինը «մանիպուլյացիայի է ենթարկվել»: Ամուսիններն այս հարցի շուրջ լուրջ տարաձայնություններ ունեն։
Ավելին, հուլիսին Տատյանա Բակալչուկն ամուսնալուծության հայց է ներկայացրել: Կողմերը սեպտեմբերի 18-ին տեղի ունեցածի մեջ մեղադրում են մեկը մյուսին։ Տատյանա Բակալչուկը սեպտեմբերի 18-ին հայտնել է, որ Վլադիսլավ Բակալչուկը մի խումբ մարդկանց հետո անօրինական կերպով փորձել է ներխուժել գրասենյակ։ Վլադիսլավն իր հերթին նշել է, որ իր և իր թիմի վրա հարձակվել են, երբ նա ժամանել է գրասենյակ՝ պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների համար։ Տատյանան հայտնել է, որ հանդիպում պլանավորված չի եղել։
Կարծիքներ