Իտալիայի հյուսիսում տարհանում են իրականացրել հեղեղումների պատճառով
Իտալիայում հեղեղումների պատճառով տարհանել են հյուսիսային Էմիլիա Ռոմանիայի մարզի հազարից ավելի բնակիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները։
Հորդառատ անձրևների պատճառով Ռավեննայի գավառի Սենիո և Լամոնե գետերը դուրս են եկել ափերից։ Հյուսիսային Իտալիայի մի քանի շրջաններում տեղատարափները հանգեցրել են սողանքների: Առավել դժվար իրադրություն է ստեղծվել Բոլոնիա, Ռավեննա, Ֆոռլի Չեզենա և Ռիմինի գավառներում։
Գիշերը Էմիլիա Ռոմանիայի մարզում դադարեցվել է գնացքների երթևեկությունը։Սեպտեմբերի 19-ին հորդառատ անձրևներ են տեղացել նաև Ադրիատիկ ծովի ափին գտնվող Մարկեի մարզում: Մարզի վարչական կենտրոնում՝ Անկոնայում, փողոցների մեծ մասը ստիպված են եղել փակել ջրածածկ լինելու պատճառով։Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հյուսիսային մի շարք շրջաններում դպրոցները շարունակում են փակ մնալ։
Կարծիքներ