Արման Խոջոյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՀԳՌԿՄ֊2 ծրագրով իրականացված աշխատանքներին
Օգոստոսի 23-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Սյունիքի մարզի տարբեր համայնքներ և ծանոթացել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով (ՀԳՌԿՄ֊2) իրականացված աշխատանքներին։
Այցի սկզբում Սիսիան համայնքում Արման Խոջոյանը հետևել է ծրագրի շրջանակում Գորիսի, Մեղրիի և Սիսիանի 16 համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների համար կազմակերպված դասընթացներին, պատասխանել մասնակիցների հարցերին, տվել մի շարք պարզաբանումներ մասնակիցներին հուզող հարցերի վերաբերյալ։
Նույն օրը Արման Խոջոյանը ծանոթացել է Սիսիան համայնքի Տոլորս բնակավայրում ընթացիկ տարում ՀԳՌԿՄ-2 ծրագրի շրջանակում ներդրված ջրարբիացման համակարգերին: Ծրագրի շրջանակում կառուցվել է 30 մետր երկարությամբ խմոց՝ մոտ 100 մետր ջրագծով, և հովիվների կացարան։
Այնուհետև նախարարի տեղակալն այցելել է Սիսիանի «Շաքե֊1» հյութերի արտադրամաս, որը ՀԳՌԿՄ-2 աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերել արտադրական սարքավորումներ (շշալցնող սարքեր, սառնարաններ, եփման կաթսաներ), որոնց շնորհիվ վերջինս պատրաստվում է ընդլայնել արտադրական ծավալները․ մոտ ապագայում նախատեսվում է իրականացնել նաև չիչխանի, մասուրի, մոշի, հոնի և խնձորի բնական հյութերի արտադրություն։
Ավելին՝ այստեղ
Կարծիքներ