Տեղի է ունեցել «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը
Զարգացման ավստրիական գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որի ղեկավար խորհրդի հանդիպմանը հունիսի 20-ին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանրակրթության ոլորտում մի շարք կարևոր բարեփոխումներ են իրականացվում, որոնք ուղղված են որակյալ կրթության ապահովմանը:
«Մեզ համար առաջնահերթ խնդիրներից է ունենալ այնպիսի կրթված և իրավագիտակից սերունդ, որն իր գիտելիքներով և կարողություններով կարողանա նպաստել կլիմայի փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների մեղմացմանը, ռիսկերի նվազեցմանը, հոգ տանել շրջակա միջավայրի մասին: Կրթական բոլոր մակարդակներում մենք ներդնում ենք նոր չափորոշիչներ, որոնցում կարևոր դերակատարում ունի նաև շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունենալու գիտակցության ձևավորումը: Այս ամենը պետք է իրագործվի ոչ միայն ֆորմալ կրթության, այլև ոչ ֆորմալ կրթության շրջանակում: Այս տեսանկյունից իրականացվող բոլոր ծրագրերում կարևորում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման նպատակն է եղել «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում վերահաստատել գործընկերների միջև համագործակցությունը, ներկայացնել ծրագրի տարեկան հաշվետվությունը, քննարկել ժամկետների վերանայման անհրաժեշտությունը և պլանավորել հաջորդ քայլերը։
Նշվում է, որ 2022 թվականին մի քանի առանցքային հաջողություններ են գրանցվել․ ավելի քան 400 ուսուցիչներ վերապատրաստվել են կլիմայի փոփոխության և ուսումնական նախագծային աշխատանքների իրականացման թեմայով, կատարվել է տեղական մակարդակում կլիմայական ռիսկի գնահատում ավելի քան 99 բնակավայրերում, անցկացվել են կլիմայի փոփոխության թեմայով իրազեկման արշավներ և այլն։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ևս կարևորել է ՀՀ կառավարության մասնակցությունը ծրագրի իրականացմանը: Նա իր խոսքում նշել է, որ կլիմայի փոփոխության հետ կապված աղետներին դիմակայելու համար գործընկերների հետ իրականացվող նորարական լուծումները կարող են ուղենշային լինել:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ավստրիայի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի համակարգող Մկրտիչ Դալլաքյանը, Կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի ղեկավար Վիգեն Շիրվանյանը, ծրագրում ներգրավված այլ անդամներ:
Կարծիքներ