«Սմարթ գողերը». սկզբում գողացել են մուտքը հսկող տեսախցիկը, տեսախցիկի հիշողության սարքը, ապա ննջասենյակից՝ ոսկյա զարդեր
Մայիսի 13-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 9/3 շենք շտապ ոստիկան մոտենա:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ մայիսի 12-ի ժամը 17.00-ից մայիսի 13-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի նշված շենքի բնակարաններից մեկի մուտքը հսկող տեսախցիկը, ապա հարմարեցված գործիքով բացելով դուռը՝ գողացել են ինտերնետային և տեսախցիկի հիշողության սարքավորումներ, իսկ ննջասենյակի զգեստապահարանից՝ ոսկյա զարդեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի 40 և 48 տարեկան երկու տղամարդիկ։ Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն։
Կարծիքներ