Լիբանանը կարող է խորտակվել «Տիտանիկի» նման. խորհրդարանի խոսնակ
Երկուշաբթի Լիբանանի ազդեցիկ քաղաքական դեմքերից Նաբիհ Բերրին՝ խորհրդարանի խոսնակը, զգուշացրել է, որ երկիրը կխորտակվի «Տիտանիկի» նման, եթե չկարողանա կառավարություն ձևավորել:
Բերրին պարզաբանել է, որ նիստը հրավիրել է արտակարգ իրավիճակների հիմնադրամը հաստատելու համար, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիա ունենալ երկու ամիս: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ամբողջ երկիրը վտանգի տակ է, ամբողջ երկիրը նման է Տիտանիկին»,- ասել է Բերրին: «Ժամանակն է, որ բոլորս արթնանանք, քանի որ եթե նավը խորտակվի, ոչ ոք ողջ չի մնա»:
Լիբանանը հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ, որը մեծ վտանգ է ներկայացնում նրա կայունությանը 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից հետո: Առանց նոր կառավարության երկիրը չի կարող իրականացնել այն բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան ստանալ խիստ անհրաժեշտ արտաքին օգնությունը:
Մինչդեռ վարչապետի պաշտոնում նշանակված Սաադ ալ-Հարիրին և նախագահ Միշել Աունը ամիսներ շարունակ վիճում են նոր կաբինետի կազմի հարցում:
Լիբանանի խորհրդարանը հաստատեց էլեկտրաէներգիայի ընկերությանը վառելիքի համար 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը, քանի որ Էներգետիկայի նախարարությունը նախազգուշացրել էր, որ ամսվա վերջին էլեկտրաէներգիայի արտադրության համար կանխիկ գումարը կսպառվի:
Լիբանանում այսօր տներն ու ձեռնարկությունները ստիպված են օրական մի քանի ժամ մնալ առանց էլեկտրաէներգիայի, ինչը շատերին ստիպել է դիմել մասնավոր գեներատորների օգնությանը:
Կարծիքներ