ՏՄՊՊ հանձնաժողովի նախկին աշխատակիցների չարաշահումների առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՏՄՊՊ հանձնաժողովի նախկին աշխատակիցների չարաշահումների առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախկին աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Այս մասին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասված է․

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետը, 2015-2017թթ. ընթացքում զբաղեցնելով նշված պաշտոնը, նույն վարչության փորձագետի՝ երբևէ փաստացի աշխատավայր չհաճախելու և դրա դիմաց յուրաքանչյուր ամիս վարձատրվելու պայմաններում, վերջինիս օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումարը։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ փորձագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։

Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և վերականգնել են պետությանը պատճառած՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումար վնասը։

Իրականացված համակողմանի քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՏՄՊՊ վերահսկողության վարչության ստուգումների բաժնի նախկին պետը և նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետը, ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի՝ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու հանձնարարությամբ, ուսումնասիրել են ՍՊ ընկերությունից ստացված և կեղծված փորձարկման արձանագրությունները, որի արդյունքում, փորձարկման ենթարկված նմուշների մեջ «բուսական յուղեր»-ի առկայությունը թաքցնելու նպատակով, աղավաղել են փաստաթղթի բովանդակությունը և ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահին հասցեագրված զեկուցագրում «ճարպաթթվային կազմի պարզաբանում, բետաստերինների և տրանսիզոմերների որոշում» ցուցանիշի արժեքի անհամապատասխանության մասին դիտավորյալ որևէ տեղեկատվություն չեն ներառել, ինչպես նաև զեկուցագրում դիտավորյալ չեն ներառել եզրակացության եզրափակիչ մասում որոշ նմուշների վերաբերյալ տեղեկատվության բացակայության հանգամանքը: Արդյունքում վարչական վարույթ չի հարուցվել և չի քննարկվել տնտեսվարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետին և գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու միջնորդությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում