Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի 26-րդ վեհաժողովին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի 26-րդ վեհաժողովին

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 20-28-ը «Թանգարանների ուժը» խորագրի ներքո անցկացվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 26-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամներին՝ քննարկելու վեհաժողովի արդյունքները և ձեռք բերված համագործակցության հեռանկարները: Փոխնախարարը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով նմանօրինակ կարևորագույն միջազգային հարթակին Հայաստանի մասնակցությունը:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանների 18 ներկայացուցիչներ (Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Ռուսական արվեստի թանգարան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Մատենադարան, Երևանի պատմության թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան):

Պատվիրակության անդամների տեղեկացմամբ՝ քննարկվել են առնվազն 4 միջազգային կոմիտեների տարեկան վեհաժողովները Հայաստանում հյուրընկալելու հեռանկարները: Դրանք են՝ գրական և կոմպոզիտորների թանգարանների, ցուցադրությունների փոխանակման, երաժշտական գործիքների և երաժշտական թանգարանների, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեները:

Քննարկվել է նաև 2028 թ. վեհաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը՝ ակնկալելով պետության հովանավորությունն ու աջակցությունը: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ասել է, որ պետությունն անում է ամեն ինչ՝ ոլորտի ակտիվությունը բարձրացնելու, աշխատողներին խրախուսելու, ինչպես նաև հնարավոր ուղիներով բարձր ֆինանսավորում ապահովելու նպատակով:

Վեհաժողովի հայաստանյան ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ԻԿՕՄ-ի վտանգների կառավարման և ռազմական թանգարանների միջազգային կոմիտեների կազմակերպած համատեղ նիստին ԻԿՕՄ Ադրբեջանի նախագահը ներկայացրել է հակահայ զեկույց, ինչին ի պատասխան՝ ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանը կազմակերպիչ կոմիտեներին հանձնել է Հայաստանի պատվիրակների պատրաստած և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցրած բողոք-նամակը՝ ընդգծելով, որ պրոֆեսիոնալ հարթակը չպետք է վերածվի քաղաքականի: Ներկայացվել է նաև Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների՝ մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը:

ԻԿՕՄ-ի վեհաժողովներն անցկացվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ և համարվում թանգարանային ոլորտի ամենակարևոր մասնագիտական իրադարձությունը: Գլխավոր համաժողովները փորձի փոխանակման, ոլորտի նորարար գաղափարներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաև նոր կապերի հաստատման համար եզակի հնարավորություն են: Վեհաժողովին մասնակցել են 115 երկրների թանգարանային ոլորտի շուրջ 3000 ներկայացուցիչներ:

Այս առումով վեհաժողովի հայաստանյան ներկայացուցիչներն այցը գնահատել են դրական. ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Վեհաժողովի ընթացքում ԻԿՕՄ-ի կողմից հաստատվել է «թանգարան» եզրույթի նոր սահմանումը, որի օգտին քվեարկել են նաև հայ պատվիրակները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում