Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագրից կարող են օգտվել միայն Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։

Ցանք կատարելու նպատակով ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ։

Էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսվարողներին կտրամադրվի ցորենի մշակության, ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։

Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։

Տնտեսվարողները կարող են սերմ ձեռք բերել միայն նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։

Սերմերի վաճառքը կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։

Ուշադրություն

Ծրագրի շրջանակում մատակարարներն ու տնտեսվարողները նույնպես կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Մանրամասների համար կարող եք դիմել Էկոնոմիկայի նախարարություն` զանգահարելով 011524610, 011530333 հեռախոսահամարներով կամ այցելել https://www.mineconomy.am/news/2072։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում