Աբու Դաբիի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի մասով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է. Արշակյան
Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե Աբու Դաբիում տեղի ունեցած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որին, ըստ նրա, մեր երկիրը պատշաճ չկարողացավ ներկայանալ լոգիստիկ խնդիրների պատճառով, և այդ կապակցությամբ նշանակվեց ծառայողական քննություն, ինչ փուլում է քննությունը, ինչ արդյունքներ է տվել:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ ցուցահանդեսին հայկական միասնական տաղավարով ենք հանդես եկել, 4 տասնյակից ավելի ռազմարդյունաբերողներ են մասնակցել, 14 ընկերություն:
«Էքսպոնատները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվող ցուցանմուշների մի մասն են: Այն էքսպոնատներն են, որոնք տեսք են տալիս և պրոդուկտի տեսքն են ներկայացնում հենց տաղավարներում: Որակումներ են հնչել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ է: Այս որակումներից պետք է խուսափել, որովհետև ցուցահանդեսի մասնակցության բովանդակային մասը ապահովում են թե՛ ընկերությունները՝ իրենց գիտելիքներով, թե՛ այն մասնագետները, որոնք նոր շուկաներ են ման գալիս ու գտնում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ու հրավերներ կան բազմաթիվ ընկերություններից:
Ծառայողական քննությունը դեռ հանգուցալուծում չի ստացել, դրա արդյունքները կտրամադրվեն մեր գործընկերներին՝ նշեց Արշակյանը:
Կարծիքներ