Անցկացվել է «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոց»-ի մարզադահլիճում օրերս կայացել են «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի հանրապետական եզրափակիչ մրցումները:
Միջոցառմանը ներկա եղել նաև ԿԳՄՍՆ մանկապատանեկան սպորտի բաժնի պետ Հարություն Եղոյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնակից թիմերը ներկայացրել են Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերը։ Մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել և հաջողություն է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
Ըստ աղբյուրի՝ մրցույթի ծրագրում ընդգրկված են եղել «Խաղային փոխանցումավազք», «Փոխանցումավազք արգելքների հաղթահարումով», «Փոխանցումավազք մարմնամարզական օղակներով», «Խաղային փոխանցումավազք բասկետբոլի գնդակով» և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» մրցաձևերը։
Ընդհանուր արդյունքներով հաղթող է ճանաչվել «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության Գյումրու «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի թիմը։
Նշվում է, որ միջոցառման բոլոր մասնակիցները պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը՝ նաև գավաթներով ու մեդալներով։
Կարծիքներ