Նոր մանրամասներ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքից
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են երեկ, հուլսիսի 27-ին, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Պարզվել է, որ այդ օրը ժամը 15։30-ի սահմանում Զարթոնքի համայնքապետի տեղակալ 36-ամյա Սուրեն Պողոսյանը, նույն գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Սիրեկան Պողոսյանը, 51-ամյա Համլետ Աբովյանը և 35-ամյա Սերյոժա Եփրեմյանը Զարթոնք գյուղի առաջին փողոցի 32 հասցեում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Զարզանդ Բախչագուլյանի, 31-ամյա Մխիթար Սարգսյանի, 54-ամյա Թորոս Բախչագուլյանի, 25-ամյա Սամսոն Հովսեփյանի, 30-ամյա Նարեկ Մելքոնյանի, 36-ամյա Նշան Սարգսյանի, 28-ամյա Արգիշտ Մելքոնյանի և 67-ամյա Պարույր Սարգսյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ժամանակ ծեծկռտուքի մասնակիցներն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով մարմնական վնասվածքներ են հասցրել Հ․ Աբովյանին, Սուրեն և Սիրեկան Պողոսյաններին և Ս․ Եփրեմյանին, ինչպես նաև՝ վնասել են Սուրեն Պողոսյանին պատկանող VAZ 21099 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։
Ըստ աղբյուրի՝ ժամեր անց «Մեծամոր» ԲԿ-ից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի մազածածկույթի շրջանի բազմակի քերծվածքներ, վնասվածքներ, թիկունքային մակերեսի սալջարդ, ձախ ծնոտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ստորին վերջույթի բազմակի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի բնակիչ 52-ամյա Խաչատուր Աբովյանը, որը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ՝ Մխիթար Սարգսյանի կողմից գարեջրի տարայով իրեն հարվածելու հետևանքով։ Սուրեն և Սիրեկան Պողոսյանները, Հ․ Աբովյանն ու Ս․ Եփրեմյանը նույն օրը ժամը 17։10-ին բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Մեծամոր» ԲԿ։ Մ.Սարգսյանը, Թ.Բաղչագուլյանը, Ս.Հովսեփյանը, Ն.Մելքոնյանը, Ն.Սարգսյանը, Ա.Մելքոնյանը, Պ.Սարգսյանը և Զ. Բաղչագուլյանը բերման են ենթարկվել բաժին, դեպքի կապակցությամբ տվել են բացատրություն և բաց թողնվել:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ