Երևանի ավագանին հավանություն տվեց վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցնելու ծրագրին
Երևանի ավագանին այսօրվա նիստին հավանության արժանացրեց մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագիրը։
«Երևան քաղաքում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային լինելու վերաբերյալ եզրակացություններ են տրվել Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 (հանրակացարան), Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 (սպորտային մասնաշենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/1, Վարդաշեն 6-րդ փողոց հ. 68ա, Վարդաշեն փողոց հ. 66/1 հանրակացարանային և Ե.Կողբացու հ. 41, Շիրակի հ. 60, Արզումանյան հ. 10, Արզումանյան հ. 12 (թվով 2 մուտք), Արզումանյան հ. 17/3 (3-րդ մուտք) և Ֆուչիկի հ.23 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերին: Գործող օրենսդրության շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի կողմից մասամբ իրականացվել է Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքի և սպորտային մասնաշենքի վերաբնակեցման գործընթացը։ Երևան համայնքի տրամադրության տակ գտնվող առկա բնակարանային ֆոնդը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ավարտին հասցնել նշված շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Վերը նշված հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման համար ընդհանուր առմամբ պահանջվում է շուրջ 340 բնակարան»,- տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ այժմ միայն Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 2000 քառ. մետր մակերեսով բնակելի ֆոնդ: Հաշվարկներն իրականացվել են 1 քմ-ի համար միջինացված շուկայական արժեքով՝ 250 մլն դրամի հաշվարկով:
Որոշումն ընդունվեց 39 կողմ ձայներով։
Կարծիքներ