Արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։
Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է, որն իրականացնում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ արտահերթ զեկույցների և տարեկան հաղորդումների, անդրազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև ոլորտային հիմնական խնդիրների բարձրաձայնման շրջանակներում։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կազմակերպման շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունի արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածում ու նման իրավիճակներից հետո մարտահրավերների դիմակայումը:
Ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում։ Ոստի օրախնդիր է վերջիններիս իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը:
Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:
Պետությունը և քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որ փախստականները և ապաստան հայցողները ի վիճակի լինեն իրացնելու իրենց իրավունքները և պարտականությունները այնպես, որ վստահ լինեն իրենց հասանելի կարգավիճակի, կարգավիճակով պայմանավորված երաշխիքների ամբողջական տրամադրման և վերջինիս անփոփոխելիության հարցում»,- ասված է ուղերձում:
Կարծիքներ